ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ԼՂ խնդրի հանգուցալուծման նպատակով.Ջեյմս Ուորլիք
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով Էդվարդ Նալբանդյանին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։
Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ, հետևողական միջնորդական ջանքերն ուղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Նախարարը հույս է հայտնել, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին։
Էդվարդ Նալբանդյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա։
Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձել են բանակցային գործընթացին առնչվող հարցերին։










