Ջեք Նիքոլսոնն ասել է, որ իր հիշողության հետ ամեն ինչ կարգին է

16:23 • 11.09.13

Հոլիվուդյան դերասան Ջեք Նիքոլսոնը հերքել է լուրերն այն մասին, թե հիշողության հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով էլ լքում է կինոն։ Դերասանն ասել է, որ իսկապես չի ցանկանում այլևս նկարահանվել, սակայն հիշողությունն այստեղ կապ չունի, գրում է Обозреватель-ը՝ վկայակոչելով ContactMusic-ին։

 

«Այո, իմ ուղեղը ժամացույցի պես աշխատում է, իսկ հիշողությունս մաթեմատիկայի նման հստակ է»,- կատակել է Նիքոլսոնը։

 

Պարզապես օսկարակիր ռեկորդակիրը կորցրել է նկարահանման հրապարակ դուրս գալու ցանկությունը. «Ես չեմ պատրաստվում աշխատել մինչև կյանքիս վերջ։ Այդ պատճառով էլ հեռանում եմ։ Երիտասարդ տարիքում ես խենթանում էի այս մասնագիտության համար։ Բացի այդ, եթե պետք է անել ֆիլմեր, ապա այնպիսինները, որոնք զգացմունքներ են առաջացնում, ստիպում են մտածել, պարտադրում են որևէ բան։ Սակայն մի բան ինձ հուշում է, որ ժամանակակից հանդիսատեսը բոլորովին էլ չի ցանկանում, որ իրեն որևէ բան ստիպեն։ Նրան ավելի շատ պայթյուններ են պետք, իսկ ես դրան չեմ մասնակցի»,- ասել է Նիքոլսոնը։