Շնոբելյան մրցանակն այս տարի հավանաբար կշնորհվի հավերի միջև ընկերության ուսումնասիրության համար

13:53 • 11.09.13

Հարվարդի համալսարանում սեպտեմբերի 12-ին կկայանա Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում է կասկածելի գիտական հաջողությունների համար՝ ծիծաղելի, առանձնահատուկ կամ պարզապես անիմաստ, գրում է «Комсомольская Правда»-ն։

 

Մրցանակի հավակնորդների «ձեռքբերումները» հրապարակված են «Annals of Improbable Research» ամսագրում։ Այս տարի նրանք շարունակել են իրենց նախորդների գործը, որոնք ամբողջ աշխարհին ստիպում են ծիծաղել իրենց բացահայտումների վրա։ Մասնավորապես, բժշկության ոլորտում մրցանակին հավակնում է շոտլանդացի գիտնական Էրվին Կոմպանյեն, որը վստահեցնում է, որ կիլտ կրելը բարենպաստ ազդեցություն է թողնում տղամարդու պտղաբերության վրա։

 

Շնոբելյան խաղաղության մրցանակի պոտենցիալ թեկնածու է մի հրշեջ՝ Սխոնհովեն քաղաքից, որն առևտրային նավում «փրկել» է 65 արկղ սուրճ՝ ոտքով փակելով ջրի հոսքը։


Հոգեբանության ոլորտում մրցանակին հավակնում է Միչիգանի և Վիրջինիայի համալսարանների հետազոտությունը։ Աշխատակիցները համեմատել են 750 մարդկանց տվյալները, որոնց կծել են կատուները, 1.100-ինը, որոնց կծել են շները, և մոտ 117 հազ. ընկճախտով տառապող մարդու տվյալներ։ Նրանց հաջողվել է պարզել, որ այն մարդկանց շրջանում, որոնց կծել են կատուները, դեպրեսիվ տրամադրություններն ավելի հաճախ են հանդիպում։

 

Իսկ կենսաբանության ոլորտում մրցանակ ստանալու բոլոր հնարավորություններն ունեն, բնականաբար, մի խումբ բրիտանացի գիտնականներ։ Նրանք իրենց հետազոտությունը նվիրել են այն հարցին, թե արդյոք լինո՞ւմ է ընկերություն հավերի միջև։ Արդյունքը տխուր է. 2 ամիս թռչուններին հետևելուց հետո նրանց միջև ընկերություն անելու ոչ մի վկայություն չի հայտնաբերվել։

 


 

Շնոբելյան մրցանակն այս տարի հավանաբար կշնորհվի հավերի միջև ընկերության ուսումնասիրության համար