Սկանդալ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում

18:54 • 11.09.13

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատաքննության հերթական նիստն ավարտվեց սկանդալով:


Այսօր, ի վերջո, բազմաթիվ ընդմիջումներից, հայտարարություններից ու միջնորդություններից հետո, հնարավոր եղավ սկսել գործում որպես ապացույց առկա կրիչներից մեկի հետազոտումը:


Դատակոչված վկաներից դատարան էլ եկել միայն սպանվածի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը: Որպեսզի դատական պրոցեսը արհեստականորեն չձգձգվի, մեղադրող կողմը հրաժարվեց վկաներից Խաչատրյանին և Ղարաքեշիշյանին դատարան հրավիրելու իրենց միջնորդությունից: Պաշտպանական կողմն ևս հրաժարվեց Օհաննա Մախսոյանին դատարան հրավիրելու միջնորդությունից:


Ժամը 12-ին հայտարարված դատական նիստը բնականոն հունի մեջ ընկավ միայն ժամը 16-ին, երբ հնարավոր եղավ մասնագետի օգնությամբ վերջապես միացնել 2 կրիչներից մեկը՝ հետազոտման նպատակով:


Դիտումը սկսվեց Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեսախցիկների արձանագրած պատկերների հետազոտումից: Տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը հստակ համոզվածությամբ մատը դնելով էկրանին հազիվ երևացող պատկերի վրա սկսեց պնդել, որ դա վկա Հակոբ Կարապետյանն է և վերջինս տեսել է , թե ինչպես է Հարությունը նստել իր տղայի մեքենան:


Փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց՝ նկատելով, որ ոչ ոք թույլ չի տվել վկային մեկնաբանություններ անել, քանի որ առայժմ իրենք պարզապես դիտում են, հարցերը կլինեն հետո: Սկսվեց վեճ՝ սկզբում Անահիտ Իսկանդարյանի և Լուսինե Սահակյանի միջև, հետո տուժողի իրավահաջորդ Արմեն Մելիքյանի և ամբաստանյալ Հարություն Սարգսյանի միջև, լեզվակռվին միացավ նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը:


Վերջինս պահանջեց դատարանից սանկցիա կիրառել ամբաստանյալի նկատմամբ մեղադրող կողմին վիրավորելու համար և քրեական գործ հարուցել, թեպետ առաջինը վիրավորանք հչեցրել էր Արմեն Մելիքյանը: Վերջինս նկատի ունենալով պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդությունները նկատեց, թե. «Լեննականում շները դադարել են հաչել»: Սրան ի պատասխան՝ ամբաստանյալն էլ բարձրաձայն նետեց, թե «շունը դու ես»: Սպանվածի մայրն այդ ընթացքում հասցրեց տեղից բարձրանալ և հասնել ամբաստանյալի մոտ՝ ձգտելով հարվածել նրան: Վեճին միջամտեցին դատական կարգադրիչներն ու ոստիկանները:


Դատավոր Մարտին Սարոյանն, ով սկզբում ապշած հետևում էր դահլիճում կատարվողին՝ 40 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի փաստաբան Վարդուհի Էլբակյանը ներկայացնի իր միջնորդությունը: