Իշխանությունները երկիրը հասցրել են մի վիճակի, երբ վտանգված է ինքնիշխանությունը. Ստյոպա Սաֆարյան

14:58 • 11.09.13

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Մաքսային միություն, թե Եվրոպական միությունն անդամակցելու թեմայով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ափսոսանք հայտնեց առ այն, որ Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել են մի վիճակի, երբ վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը և ռազմավարական գործընկեր ընտրելու տարրական իրավունքը:


«Իսկ դա չափազանց վտանգավոր է»,- ասաց նա և ավելացրեց. «Հայաստանի շահերով մտահոգ բոլոր ուժերը ուղղակի պարտավոր են կանխել այն ընթացքը, որը երկիրը վտանգավոր վիճակի մեջ է դնում»:


Վերջինիս կարծիքով՝ Մաքսային միություն մտնելով ուղղակի խաթարվում է Հայաստանի հաշվեկշիռը արտաքին քաղաքականության մեջ։


«Մի բան ակնհայտ է, որ մենք հայտնվում ենք միանգամայն նոր իրողությունների պայմաններում, չի կարելի հակադրել ԵՄ-ի հետ ասոցացումը ՄՄ-ի հետ: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելով Հայաստանը չի խախտում բալանսը, մինչդեռ ՄՄ մտնելով խախտում է»,– բացատրեց նա:


Ըստ նախկին պատգամավորի՝ աշխարհաքաղաքական դիրքի պատճառով Հայաստանի քաղաքական և ռազմական անվտանգությունը մինչ օրս ապահովվել է նաև որոշակի արտաքին ուժերի հաշվեկշռի միջոցով, դրանցից մեկը Ռուսաստանն է, իսկ մյուսը եվրոպական ուղղությունն է:


«Գոնե Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվի, և դա չի նշանակում միանշանակ Եվրոպական միության մասը կազմել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: