ԴԱՀԿ պետն ինքն իրենից ավտոմեքենաներ է գնել. Լևոն Զուրաբյանի զարմանքից Հրայր Թովմասյանն էլ զարմացավ

18:46 • 11.09.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մի փաստաթղթի, որտեղից, ըստ նրա՝ պարզ երևում է, որ պաշտոնական չարաշահում է տեղի ունեցել, որի դեմ կառավարությունը աչք է փակել։


Նա նշեց, որ ըստ այդ փաստաթղթի՝ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեծ խմբաքանակով չինական ֆիրմայի ավտոմեքենաներ է գնել, որի սեփականատերը նույն ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանն է։


«Կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից ավտոմեքենաներ է գնել, այսինքն՝ իրեն հարստացնելով»,- ասաց նա։


Զուրաբյանը հարցրեց, թե Կառավարությունը մի՞թե տեղյակ չէր սրա մասին, կամ եթե տեղյակ էր, ինչու պատասխանատվության չի ենթարկել։


Նրա հաջորդ հարցը վերաբերվում էր Փակ շուկային, որն ըստ նրա, անօրինական ձևով ոչնչացվում է՝ հակառակ քաղաքացիական համառ ցույցերի։ Զուրաբյանի խոսքով՝ սրանք ակնհայտ կոռուպցիոն խնդիրներն են, որոնք Կառավարությունը պարտավոր է քննարկել։


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախ նշեց, թե կառավարության կայքում տեղ գտածը խոսում է թափանցիկ գործելաոճի մասին, ինչն, ըստ նրա, ձեռքբերում է, իսկ ինչ վերաբերվում է ԴԱՀԿ-ի ղեկավարի կողմից ինչ-որ կազմակերպություն ղեկավարելուն, ինչը հակաօրինական է, ապա խորհուրդ տվեց այդ խնդրով դիմել Էթիկայի հանձնաժողով։


«Եթե գիտեք, որ չարաշահում է եղել և շուկայականից ցածր գնով են գնել, և չեն պահպանվել կանոնները, ապա պատրաստ ենք յուրաքանչյուրն առանձին քննարկել, տեսնելու, թե ինչումն է խնդիրը»,- ասաց նա՝ նկատելով, որ այդտեղ շահերի բախում չկա։ Երկրորդ հարցին նա խնդրեց գրավոր պատասխանել։


«Երկրորդ հարցի վերաբերյալ Դուք որևէ պատասխան չունեք, իսկ առաջին հարցին Ձեր տված պատասխանից զարմացած եմ։ Լինելով նախարար՝ Դուք պետք է ռեգիստրի տվյալներով զբաղվեք, և որ այդ ՍՊԸ-ն տնօրինում է հենց Միհրան Պողոսյանը, իսկ եթե համարում եք շահերի բախում չկա, ապա Դուք աբսուրդ արգումենտ տվեցիք։ Ասենք թե դա ամենաէժան գնում է, դա ի՞նչ կապ ունի, բայց եթե մի գործակալություն առնում է մեքենաներ մի ՍՊԸ-ից, որի ղեկավարն է այդ ՍՊԸ-ի ղեկավարը, ուրեմն այդ հարցը խնդրահարույց է։ Զարմանում եմ, որ նշում եք, թե լրացուցիչ ուսումնասիրման կարիք կա. ակնհայտ շահերի բախում կա, եթե Դուք չեք գտնում, նշանակում է, որ կամ ոչ կոմպետենտ եք ամբողջ գործընթացին, կամ էլ Դուք էլ եք ընդգրկված նման կոռուպցիայի մեջ»,-ասաց նա։


Նախարարը վրա բերեց. «Ես էլ զարմանում եմ Ձեր զարմանալու վրա և Ձեր իրավական գիտելիքների վրա։ Առաջին կուրսի իրավաբանը կապացուցի, որ դրանք տարբեր բաներ են»։