ՀՀԿ ԳՄ նիստին, ըստ ամենայնի, կքննարկվի Գլխավոր դատախազի պաշտոնի հարցը

16:18 • 12.09.13

Իշխանության լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ այսօր երեկոյան մեկնարկելիք Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնից հետո հայտարարություն լինի, որը կվերաբերի նրան՝ թե մնալո՞ւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնավարման երկրորդ ժամկետում, թե ոչ:


Նաև՝ երեք տարբեր աղբյուրների փոխանցմամբ ՝ կայացվել է քաղաքական որոշում, որ Աղվան Հովսեփյանի երկրորդ ժամկետում պաշտոնավարումը չի շարունակվելու, իսկ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ում պաշտոնավարման հարցը ևս առկախված է, մնալու է:


Վաղը լրանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման վեց տարի ժամկետը, իսկ Իշխան Զաքարյանինը՝ նոյեմբերի սկզբին,և արդեն հաջորդ հերթական նիստին՝ սեպտեմբերի 30–ին կքննարկվի Գլխավոր դատախազի թեկնածության հարցը:


Նշենք, որ ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն է նշանակում Վերահսկիչ պալատի նախագահի և ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել վերահսկիչ պալատի նախագահ:


Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արդեն ընդունել է Աղվան Հովսեփյանին՝ վերջինիս լիազորությունների սահմանադրական ժամկետը լրանալու կապակցությամբ։