Լեզվակռիվ ԱԺ–ում. Բաբուխանյանի հայտարարությունը հունից հանեց Արզումանյանին

18:48 • 12.09.13

Ազգային ժողովում «Հանրապետական» պատգամավոր Հայկ Բաբուխանյանի այսօր արած արտահայտությունը, թե երբ «իրենք ազատության համար պայքարում էին, հիմիկվա գոռացողները չկային» հունից հանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին։ Լեզվակռիվը ստիպված էր հարթել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

 

«Շատ լավ բան է, որ խոսում են ազատության մասին, բայց խոսքի ազատության տակ, այդ նույն խոսացողները ուրիշ բան են տեսնում: Էն ժամանակ, երբ մենք ազատության համար պայքարում էինք, հիմիկվա գոռացողները չկային, որ վեր կենային իրանց շորերը ազատության համար ճղեին»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Հայկ Բաբուխանյանը՝ «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012թ-ի գործունեության մասին և Հանրային հեռուստառադիոընկերության 2012թ-ի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստաընկերության խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ:

 

Այս արտահայտությունից բորբոքվեց ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով տեղից միջամտեց, որ նման արտահայտություններ չօգտագործել։ ԱԺ նախագահն էլ տեղից պահանջեց չխանգարել նիստի ընթացքը, իսկ Բաբուխանյանն էլ հավելեց. «Պարոն Արզումանյան հենց քեզ ա վերաբերում, հա հենց քեզ, ուղիղ քեզ: Քեզ էլ ա վերաբերում։ Դրա համար մի խանգարի»,- նայելով ՀԱԿ խմբակցության կողմն ասաց Բաբուխանյանը: