Բելգիայի մաքսատանն առգրավվել է Լուվրի 4 հազ. կեղծ տոմս
Բելգիայի մաքսատան աշխատակիցներն առգրավել են Փարիզի Լուվր թանգարանի 4 հազ. կեղծ տոմս, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով France24-ին։
Դեպքը տեղի է ունեցել դեռևս օգոստոսին, սակայն միայն այժմ է հայտնի դարձել։ Ըստ ստացված տվյալների՝ կեղծ տոմսերը պատրաստվել են Չինաստանում և վաճառվել չինացի էքսկուրսավարներին, որոնք ուղեկցել են տուրիստական խմբերին Լուվր։
Թանգարանում հաստատել են, որ մինչև 36 եվրո արժողությամբ կեղծ տոմսերը սկսել են հայտնվել օգոստոսի սկզբին, և մեկ ամսվա ընթացքում չինացի զբոսաշրջիկների մոտ հայտնաբերվել են տարբեր որակի կեղծ տոմսեր։
Օգոստոսի վերջին Բելգիայի մաքսատունը կապ է հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ և հայտնել, որ իր աշխատակիցներն ավելի քան 4 հազ. կեղծ տոմս են հայտնաբերել։ Բեռի արժեքը գնահատվում է 144 հազ. եվրո։
Լուվրում դժվարացել են ասել, թե քանի կեղծ տոմս է այժմ գտնվում շրջանառության մեջ, հետևաբար՝ թանգարանին հասցված վնասի չափն անհնար է հաշվարկել։










