ԱՄՆ-ն կոչ է անում արագացնել քիմիական զինանոցը հանձնելու գործընթացը. Դամասկոսը համաձայն է

15:55 • 12.09.13

ԱՄՆ-ն կոչ է անում սիրիական իշխանություններին որքան հնարավոր է արագ փոխանցել Դամասկոսի ունեցած ռազմական թունավոր նյութերի ծավալների և բնույթի մասին տեղեկատվությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը`  Ժնևում գտնվող ամերիկացի պաշտոնյային հղումով։

 

Դիվանագետը նաև նշել է, որ սիրիական քիմիական զինանոցը կարող է ոչնչացվել, սակայն դա բարդ խնդիր է։

 

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կոչ էր արել Դամասկոսին քիմիական զենքի պահեստները հանձնել միջազգային վերահսկողությանը և միանալ Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը։
Սիրիական իշխանությունը ողջունել էր այս նախաձեռնությունը։

 

«Եթե բոլորը համաձայնվեն քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելուն, Սիրիան անհապաղ կգործի»,- ИТАР-ТАСС գործակալության հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը։


«Մենք ընդունել ենք ռուսական նախաձեռնությունը, և դա շատ կարևոր առաջարկ է։ Մենք դրա հետ ամբողջությամբ համաձայն ենք, սակայն պետք է շատ մանրուքներում պայմանավորվել»,-հավելել է նա։
 

Հադդադը հավաստիացրել է, որ Դամասկոսը պատրաստ է միանգամից և ամբողջությամբ միանալ Քիմիական զենքն արգելող կոնվենցիային, սակայն կան տեխնիկական հարցեր։

 

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Սիրիան ամենամոտ ապագայում միանալ այդ փաստաթղթին, դիվանագետը դրական պատասխան է տվել։