Մի՛ թույլ տվեք, որ ազատամարտիկը հիասթափվի էս երկրից ու ժողովրդից. կոչեր՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)
Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ մի խումբ ազատամարտիկների հերթական հանրահավաքը. հնչեցին կոչեր՝ մոռանալ բոլոր կուսակցությունները, մատնանշվեցին ելքեր՝ ստեղծել իրական մտավորականներով աշխարհազոր:
Արաբո ջոկատից ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը՝ հանդես գալով կոչով. «Ազգ, համախմբվի՛ր: Մի թույլ տվեք, որ ազատամարտիկը հիասթափվի էս երկրից ու ժողովրդից»: Վերջինս ելույթը շարունակեց՝ հարցն ուղղելով ժողովրդին. «Մի պահ հարյուր տարի ետ գնանք, նույն իրավիճակն է: Ի՞նչ ենք ուզում մենք իշխանություններից, ի՞նչ ենք ուզում այն մարդկանցից, որոնք միայն թալանով են զբաղվում: Ես զարմանում եմ ժողովրդի վրա, որ լուռ նստել է: Այսօր ազգովի փորձում ենք կողմնորոշվել, թե ում քամակը պետք է համբուրենք, ի՞նչ ենք ուզում մենք աշխարհից, լավ դուք չե՞ք հասկանում, որ աշխարհը պարզապես թքած ունի մեզ վրա, ես չեմ տեսնում, որ այս ժողովուրդը հասկանում է, եթե հասկանան, ոտքի կկանգնեն»:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ազատամարտիկը մատնանշեց մի ելք. «Կա միայն մի ելք, մոռանալ բոլոր տեսակի կուսակցություններն ու կազմակերպությունները, ազգովի համախմբվել, ստեղծել ազգային մտածելակերպ, որն այսօր աշխարհն է մեզ թելադրում»:
Իր հերթին ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք շարունակում են մոբիլիզացման գործընթացը:
Անդրադառնալով աշխարհազորի ստեղծմանը՝ ասաց. «Երկրի ապրած ամեն մի օրը կյանքի է կոչում նոր հանգամանքներ, որոնք մեզ համոզում են, որ եթե մենք այդ խնդիրը չլուծենք, եթե ինքներս չմոբիլիզացվենք, եթե ժողովրդին համախմբելը և աշխարհազոր ձևավորելը չկատարենք, եթե աշխարհազորում չկարողանանք հավաքագրել արժեհամակարգային, հոգևոր-բարոյական, ինֆորմացիոն-գաղափարական պատերազմի զորավարներ՝ մեր մտավորականությանը, իսկական, ոչ թե անունով մտավորականությանը, եթե աշխարհազորի հիմքը չկազմի մեր երիտասարդությունը, և եթե այդ մոբիլիզացված ժողովրդով չկարողանանք նոր վիճակի բերել երկրի կառավարման ողջ համակարգը, քաղաքական կուսակցության բոլոր ուժերին, ապա մենք պարտված ենք»:
Ելույթ ունեցավ նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը. «Ազատամարտիկների այս վերջին հանրահավաքների ընթացքում հնչած ելույթներն ինձ և շատերին համոզում են, որ ամեն ինչ, բարեբախտաբար, կորած չէ: Ուրախությամբ եմ հիշում, երբ ութսունութին այստեղ համախմբվում էինք՝ բոլորովին չմտածելով, որ այդ նույն ժամանակից հայոց տականքը միավորմում, համախմբվում է, որպեսզի մեր դրախտավայր երկիր Հայաստանը ոչ միայն դարձնի իր բանդաների վայրի կամայականությունների փորձադաշտը, այլ ինչպես վերջին ամիսների մի քանի դեպքեր ապացուցեցին, մեր հայրենիքը դարձնեն հայ մարդկանց որսատեղի, որից հետո պարգևատրվեն պարգևներով և միլիոնավոր դոլարներով»:
Նրա խոսքերով՝ աղետալի է երկրի ընթացքը, և այդպես շարունակվելու պարագայում հեռու չէ այն օրը, երբ ազգը կանգնելու է կոտրած տաշտակի առջև:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ հարց բարձրացրեց՝ ասելով, թե ինչպես «Սերժիկ Սարգսյանն» ազատ արձակեց մարդասպաններին: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի օրինակը բերելով՝ ասաց, որ միայն անբարոյականները կարող են նման պահվածք դրսևորել, ինչը դրսևորվել է Տիգրան Առաքելյանի նկատմամբ:
Ինչպես նախորդ հանրահավաքներին, այս անգամ էլ ելույթ ունեցավ Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հայտարարելով, որ Արցախյան պատերազմում չի եղել այսպիսի ստորություն և դաժանություն, ինչպիսին այսօրվա հայտարարած պատերազմում է:










