Իրաքը Թուրքիային է ներկայացրել սիրիական հակամարտության քաղաքական լուծման նախագիծը
Իրաքցի պատգամավորների պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Օսամա ան-Նաջեֆիի գլխավորությամբ, բանակցում են թուրքական իշխանությունների հետ սիրիական հակամարտությանը միջամտությունը դադարեցնելու և խնդրի խաղաղ կարգավորման իրաքյան նախագծին աջակցելու վերաբերյալ. РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Իրաքի քրդական կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Հասան Ջիհադը։
«Իրաքի ուղերձը Թուրքիային հստակ է. անհրաժեշտ է դադարեցնել Սիրիայի ներքին գործերին միջամտելը և նպաստել իրավիճակը բանակցային ճանապարհով լուծելուն։ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին բարձրաձայնել է Իրաքի նախաձեռնության մասին»,-ասել է Ջիհադը։
Իրաքի վարչապետն առաջարկել էր քաղաքական կարգավորման նախագիծ, որը նախատեսում է լիովին դադարեցնել կրակը Սիրիայի ողջ տարածքում, նաև՝ հակամարտող կողմերին զենքի և ֆինանսական օգնության տրամադրումը, երկրից դուրս բերել օտարերկրյա վարձկաններին և ՄԱԿ-ի խիստ վերահսկողության ներքո խաղաղ բանակցություններ վարել։
Այդ նախաձեռնությանը, իրաքյան աղբյուրների հավաստմամբ, Արաբական երկրների լիգայի վերջին նիստի ընթացքում կողմ են արտահայտվել բոլոր երկրները, բացառությամբ Սաուդյան Արաբիայի, որը խիստ դիրքորոշում ունի և աջակցում է ռազմական միջամտության գաղափարին։










