Սնանկացել է Վիեննայի Konzerthaus հայտնի համերգասրահը

10:48 • 12.09.13

Վիեննայի Konzerthaus համերգասրահի տնօրեն Մատիաս Նասկեն հայտարարել է հայտնի համերգային սրահի սնանկացման մասին։ Հիմնական պատճառը նա նշում է քաղաքային բյուջեից  ոչ բավականաչափ սուբսիդավորումը և բարձր հարկերը, գրում է Обозреватель-ը։

 

Նասկեի խոսքով՝ Konzerthaus-ի ընդհանուր պարտքը 2013-ին հասել է 6 մլն եվրոյի։ Ընդ որում՝ Վիեննայի բյուջեից սուբսիդավորումները չեն ավելանում վերջին 16 տարվա ընթացքում։

 

Տնօրենը հայտնել է, որ հետագա 5 տարվա ընթացքում (քանի դեռ գործում է պայմանագիրը) պարտքերը կվճարվեն Վիեննայի քաղաքային իշխանությունների, Ավստրիայի դաշնային կառավարության և Եվրոպական համերգասրահների կազմակերպության հետ համատեղ։

 

Նասկեի խոսքով՝ համերգասրահը կարող էր պաշտոնական հայտարարություն չանել և գոյատևել առանց իշխանությունների, սակայն դրա համար ստիպված կլիներ փոխել հաստատության քաղաքականությունը. չեղյալ համարել էժան տոմսերը և փոփոխել մշակութային ծրագիրն այնպես, որպեսզի ավելի շատ եկամուտ ստանա։

 

Konzerthaus դասական երաժշտության կենտրոնը Վիեննայում բացվել է 1913-ին։ Այն աշխարհի ամենահայտնի գործող համերգային հարթակներից մեկն է։