Ռուսաստանի շնորհիվ Հայաստանում 20 տարի է խաղաղություն է. Վյաչեսլավ Կովալենկո

12:41 • 12.09.13

Մաքսային միությանն անդամակցելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունը Հայաստանի համար ճիշտ ճանապարհ էր և բխում էր Հայաստանի ազգային շահերից: Նման կարծիք հայտնեց Հայաստանում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա կամուրջի ժամանակ:


«Ուզում եմ ասել, որ արդեն 20 տարի Ռուսաստանի շնորհիվ է, որ Հայաստանում խաղաղություն է տիրում»,- ասաց նա և ընդգծեց, որ Հայաստանի ՄՄ-ին անդամակցությունը միայն ռազմական, տնտեսական համագործակցություն չէ, այն նաև երկու երկրների մշակութային փոխհարաբերություն է ենթադրում:


Երևանյան հյուրերից Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է բազմաթիվ թելերով, և կորցնել կամ կտրել այդ թելերը ճիշտ չէ:


«Միաժամանակ ՄՄ-ի հետ ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչպես թվում է: Այն որոշումները, որոնք ընդունվել են Ռուսաստանում, դրանք քաղաքական են, բայց որպեսզի դրանք կոնկրետ համագործակցության վերածվեն պետք է որոշակի համաձայնագրեր լինեն՝ տարիֆային չափերի, ապրանքների տեղաշարժման և այլ հարցերի շուրջ: Այստեղ խնդիր կա. մենք չունենք ՄՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման և ուղղակի վերցնել ու համաձայնագիր կնքել Հայաստանը չի կարող»,- ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը:


Միաժամանակ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ Հայաստանը շուրջ 4 տարի աշխատանքներ է տարել ԵՄ-ի մաս կազմող Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար, և այդ աշխատանքը կորել չի կարող:


ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ նշեց, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ կտա իրեն ՄՄ-ին անդամակցությունը:


«Որոշումը առաջացնում է ինչպես դրական էմոցիաներ, այնպես էլ բազում հարցեր: Պետք է իմանանք ճանապարհային քարտեզը, բոլոր այն սահմանափակումները, որոնք կդրվեն Հայաստանի առջև: Իհարկե, տնտեսական տեսանկյունից եթե նայենք, Հայաստանում հիմնականում գործում են Ռուսաստանի ինվեստորները, բայց պետք է հասկանալ, թե ինչ կփոխվի իմպորտի ու էքսպորտի տեսակետից»,- ասաց նա:


Ի պատասխան Վյաչեսլավ Կովալենկոն ասաց, որ իր տպավորությամբ Հայաստանի ՄՄ-ին անդամակցության հարցի շուրջ Հայաստանում ավելի շատ հոռետեսական տրամադրվածություն է, քան լավատեսական:


«Ես սրանում միայն դրական տարրեր եմ տեսնում: Ինչ վերաբերում Ճանապարհային քարտեզին, ապա այն մեզ ոչ մեկ չի նվիրի: ԵՄ-ն էլ չունի ճանապարհային քարտեզ, բայց կա քաղաքական կամք ու որոշում: Իսկ ո՞վ է մեզ խոչընդոտում ստեղծել այն»,- ասաց նա: