Կարող են կնոպկա սեղմելով ասել՝ Բադինյան բարձրացի վերև. Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու է դեմ

14:27 • 12.09.13

Ազգային ժողովում այսօր Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների՝ Գագիկ Ղազինյանի և Գրիգոր Բադինյանի ընտրության ամփոփիչ քննարկմանը ձայն խնդրեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով բացատրեց, թե ինչու է դեմ Գրիգոր Բադինյանի թեկնածությանը։


ՀԱԿ պատգամավորը նշեց,որ Գրիգոր Բադինյանը կառավարությանն առընթեր ոստիկանության պետի խորհրդական է, ինչն էլ ըստ Փաշինյանի նշանակում է, որ նա չի կարող կատարելապես անկախ սուբյեկտ լինել։


«Պարոն Բադինյանն ասում էր, թե մի օրենք նշեք, որ ինձ թույլ չի տալիս լինել ոստիկանապետի խորհրդական։ Այո կարող եմ ասել, դա ոչ թե օրենք է, այլ թիվ մեկ օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, ինչն ասում է, որ պետք է ընտրել Արդարադատության խորհրդում երկու իրավաբան գիտնականների»,– ասաց պատգամավորը։


«Սա բխում է արդարադատության խորհրդի անկախության տրամաբանությունից։ Սա բխում է ոչ միայն օրենքից, այլ կարևոր է ԱԺ հեղինակության տեսանկյունից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա նրան կողմ քվեարկած պատգամավորները կարող է կնոպկա սեղմել ու Արդարադատության անդամին ասել՝ Բադինյան բարձրացի վերև։


Ինչ վերաբերվում է Գագիկ Ղազինյանի թեկնածությանը, ապա ըստ պատգամավորի, նա այդ առումով խնդիր չունի։ «Իսկապես նա խնդիր չունի, իրավաբան գիտնական է, գիտական գործունեությամբ է զբաղվում։ Իսկ Բադինյանը ամեն օր գնում է ոստիկանություն՝ որպես պաշտոնյա»,-ասաց նա։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ ինքը դեմ է քվեարկելու նաև Ղազինյանին, իսկ թե ինչու, ասաց, որ ինքը դրան անդրադարձել է իր երեկվա ելույթի ժամանակ, և նշել, որ իրավաբանության ֆակուլտետում տիրող անարդար իրադրության համար կամ ինչպես ինքն էր երեկ ասել, իրադրություն, երբ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։

Թեկնածուներից Գագիկ Ղազինյանը իր ամփոփիչ ելույթում նորմալ որակեց Փաշինյանի ելույթը, սակայն նրան առաջարկեց. «Համեցե՛ք ֆակուլտետ և հանրային կարծիքը վկայակոչելու փոխարեն անձամբ համոզվեք, որ ձեր ասած պաշտոնավորների երեխաները այդ լիազորությունները չունեն»,- ասաց նա։


Գրիգոր Բադինյանը շնորհակալություն հայտնեց հնչեցրած բոլոր կարծիքների համար։ «Նաև քննադատական հնչած բոլոր ելույթներին, իհարկե, այն մասով, մինչև ռացինոլ տարր է պարունակում»,- ասաց նա։