Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի են ներկայացրել
Կրթության համառուսական հիմնադրամի նախագահ Սերգեյ Կոմկովը Նոբելյան հանձնաժողով է ուղարկել նամակ՝ առաջարկելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը դիտարկել Խաղաղության մրցանակի համար, տեղեկացնում է Взгляд-ը։
«Վլադիմիր Պուտինը փորձով ցույց է տվել խաղաղության գործընթացին իր նվիրվածությունը։ Լինելով աշխարհի առաջատար երկրներից մեկի ղեկավարը՝ նա առավելագույն ջանքեր է գործադրում խաղաղության պահպանման համար ոչ միայն իր սեփական երկրում, այլև ակտիվորեն օժանդակում է երկրագնդում ծագած հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կոմկովի խոսքով՝ ռուսական պետության ղեկավարն աշխարհի առաջնորդներից և հեղինակություններից է, որի կարծիքը հաշվի են առնում բոլոր երկրների, քաղաքացիական հասարակությունների և քաղաքացիական ինստիտուտների ներկայացուցիչները։
«Նոբելյան մրցանակն» աշխարհի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից է, որը տրվում է գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, կամ մշակույթի և հանրության զարգացման գործում ունեցած ներդրումների համար։
Տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակի են արժանացել Մարտին Լյութեր Քինգը, Անդրեյ Սախարովը, Մայր Թերեզան, Միխայիլ Գորբաչովը, Նելսոն Մանդելան և այլք։










