Ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Օբաման ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին
Փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում, անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, գրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Արմենպրես»-ը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ ՀՀ նախագահին ուղարկված ուղերձի տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը.
«Մեծարգո պարոն Նախագահ,
դեսպան Ջեյմս Ուորլիքի Երևան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը:
Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տևական ու աներկբա պատրաստակամության մասին:
Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը և խաղաղության գործընթացին: Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները և համանախագահների փորձը բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց դուրս գալու համար:
Փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։










