Հուշարձաններն օլիգարխներից փրկելու համար ընդամենը ցանկություն է պետք և պետական մտածելակերպ

16:29 • 12.09.13

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համոզմամբ Երևանում ավելանում է աղավաղվող հուշարձանների թիվը: Պատճառն, ըստ ճարտարապետի, այն է, որ պետությունն այդ ամենին նայում է մատների արանքով: ««Եվ «Փակ շուկան» դրա կիզակետն էր որի համար երկու տարի է անընդհատ պայքարում են,-նշեց Մկրտիչ Մինասյանը,- այս պայքարը յուրահատուկ էր նաև նրանով, որ հասարակական ու պետական մարմինների կարծիքները համընկան, բայց ոչ մեկը չկարողացավ ոչ մի բան անել»:


Ըստ Մկրտիչ Մինասյանի, գործընթացը մշտապես սկսվում է հակառակ կողմից՝ նախ հուշարձանը վերածում են շինհրապարակի, հետո նոր սկսում նախագծել և հարմարեցնել:


Խոսելով «Փակ շուկայի» ճարտարապետական արժեքի մասին, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ կառույցը նոր խոսք էր հայկական ճարտարապետության մեջ՝ իր կոնստրուկտիվ լուծումներով, գեղարվեստական արտահայտչականությամբ, որ ավելի կարևոր էր՝ ներքին տարածական գեղեցիկ լուծումով, որ այս ձևափոխությունների արդյունքում կորսվեց իսպառ: «Այդ արժեքները կորցնել և դրա փոխարեն ստանալ ինչ-որ խանութների պսպղան ցուցափեղկեր, դա բոլորովին անըմբռնելի բան է»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:


Խոսելով «Փակ շուկայի» տարածքում եղած ձևափոխություններից, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ առկա 20 կամարից տասն ընդհանրապես գոյություն չունեն: Դրանց փոխարեն հարկեր են կառուցվել, ձևափոխված է նաև մսի պասաժի հատվածը: «Մենք հույս ունեինք, որ մնացած տասը կամարը կպահպանվի, սակայն ինչ-որ պլատֆորմա է առաջ եկել, որն աղավաղում է հուշարձանի ամբողջ ներքին ինտերյերը,- ասաց Մկրտիչ Մինասյանը,- պատկան ատյաններում մեզ միշտ հանգստացրել են, թե կլինեն քննարկումներ, որ միևնույն է, առանց նախագծի արված շինարարությունը դեմոնտաժ կարվի: Սակայն ստացվեց այնպես, որ մի բան էլ մենք պիտի շնորհակալ լինենք, որ սեփականատերը շենքն ամբողջովին չի քանդել ու տեղը բարձրահարկ կառուցել»:


Սաշուր Քալաշյանի համոզմամբ, ընդամենը ցանկություն է պետք և պետական մտածելակերպ, որ այսօր չկա: «Ոչ մի ցուցակ, որ հաստատված է պետության կողմից, փաստորեն զերծ չի պահում օլիգարխի անօրինությունից: Եթե այդպես լիներ տասը տարի առաջ, և պետությունը պատժեր հուշարձանն աղավաղողին, հիմա այսպիսի տխուր պատկեր չէինք ունենա»,- ասաց նա։