Ամերիկացին 20 տարվա ազատազրկման է դատապարտվել անչափահասին որպես սեքս-ստրուկ պահելու համար

13:23 • 12.09.13

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի բնակիչ Էդվարդ Բեյջլին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ տարիներ շարունակ մտավոր թերզարգացած աղջկան որպես սեքս-ստրուկ պահելու և նրան բազմաթիվ կտտանքների ենթարկելու համար։

 

Ինչպես հայտնում է CNN-ը, նրա դեմ 11 մեղադրանք է ներկայացվել, որից Բեյջլին ընդունել է միայն մեկը, որը վերաբերում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալուն։

 

Բեյջլին զոհին ստրուկի վիճակում է պահել 2002թ. ի վեր՝ սեփական թրեյլերի մեջ։ Տղամարդը խաբել է տանից փախած 16-ամյա աղջկան՝ ասելով, որ կիրականացնի նրա բոլոր երազանքներն ու մոդել կդարձնի նրան։ Փոխարենը նա համացանցում է տարածել աղջկա մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութեր։

 

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ամերիկացին աղջկան տանջել է՝ նրան գլխիվայր կախելով, ինչպես նաև վախեցնելով տարբեր կենդանիներով։ Երբ լրացել է աղջկա 18 տարին, Բեյջլին նրա հետ «սեքս-ստրկության» պայմանագիր է կնքել՝ ասելով, որ այժմ նա իր անժամկետ ստրուկն է։

 

Բռնության երկար տարիների ընթացքում ամերիկացին մի քանի անգամ ինքն է արհեստական վիժեցում իրականացրել, որպեսզի իր ստրուկն ազատվի անցանկալի երեխայից։ Այս դաժան պատմության մասին հայտնի է դարձել, երբ կտտանքներից մեկի ժամանակ աղջիկը սրտի կաթված է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։

 

Այժմ մեղադրող կողմը մոտ 800.000 դոլար է պահանջում Բեյջլիից՝ որպես կնոջը հասցված հոգեբանական վնասի փոխհատուցում։