Նոր մանրամասներ՝ Սոչի-Երևան միկրոավտոբուսի վթարից. ՀՀ զոհված 5 քաղաքացիներից մեկն 8-ամյա երեխա է (լուսանկարներ)

10:14 • 12.09.13

ՌԴ Կրասնոդարի երկրամասում «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի և ГАЗ-53 բեռնատարի բախման հետևանքով զոհվել է ՀՀ 5 քաղաքացի, այդ թվում՝ 8-ամյա երեխա, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Եվս 7 մարդ հոսպիտալացվել է։ Սոչիից Երևան ուղևորված միկրոավտոբուսում եղել է ՀՀ 15 քաղաքացի։
 

Ավտոբուսի վարորդը նշել է, որ «կուրացել է հանդիպակաց մեքենայի լուսարձակների լույսից և այդ պատճառով ուշ է նկատել առջևում հայտնված բեռնատարին և չի հասցրել արգելակել՝ չնայած փոքր արագությանը»։

Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել) 2005թ. ծնված Պիրիկ Պարենյանը, 1985թ. ծնված Մարիամ Սահակյանը, Լուսինե Խաչատրյանը և 1971թ. ծնված Արմեն Բաբայանը տեղում մահացել են, իսկ Ալլա Բարենցյանը (ծնվ. 1985 թ.), Անուշ Վեյթունյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովասենյանը (ծնվ. 1990 թ.) և Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում: