Վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա. Աղվան Հովսեփյանը հանեց պիջակը և հեռացավ պաշտոնից (տեսանյութ)

16:41 • 13.09.13

ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դուրս եկավ դատախազության շենքից, հանեց պիջակը և քայլելով Երևանի փողոցներով, ինչպես ինքն ասաց, գնաց տուն: Այսօր նրա պաշտոնավարման վերջին օրն էր:


Մինչ այդ, դատախազության շենքի առջև նա զրուցեց լրագրողների հետ և հիշեցրեց, որ ինքը դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15-ը ղեկավար պաշտոնում:


«3 անգամ նշանակվել եմ գլխավոր դատախազ: Շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտությամբ զբաղեցնել այսպիսի բարձր պաշտոն և ծառայել իմ պետականությանը, հայրենիքին: Այս տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա, և բոլոր խնդիրները, որ առաջադրված են եղել դատախազության համակարգի առջև, լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում»,- ասաց նախկին գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, իր բոլոր ընկերներին, Կառավարությանը, Ազգային ժողովին, գործընկերներին, ընտանիքի անդամներին ու լրագրողներին:


Նա ընդգծեց, որ հենց վերջիններիս ազդեցիկ հայացքի ներքո է միշտ կաշկանդված աշխատել՝ հանրային կարծիքը հաշվի առնելով:


Անդրադառնալով հարցին, թե իր ղեկավարության տարիներին ՀՀ դատախազությունը ինչ բարեփոխումների է ենթարկվել, ասաց. «Երեք անգամ դատախազությունը հիմնովին ենթարկվել է բարեփոխումների, նոր օրենքներ են ընդունվել: Այսօր դատախազական համակարգը կառուցված է և կարգավորվում է օրենքով, որը համապատասխանում է միջազգային կառույցների պահանջներին: Կցանկանայի ու գոհ կլինեի, որ նորանշանակ դատախազը պահպաներ այդ ամենը և շնորհակալ կլինեմ, եթե կզարգացնի նոր բարեփոխումներով դատախազական համակարգ»,- ասաց նա:


Աղվան Հովսեփյանը վստահեցրեց, որ շարունակելու է իր հասարակական գործունեությունը և նույնիսկ ավելի ակտիվ, քան նախկինում:


«Ցավոք մեր հասարակության մեջ թույն կաթացնողները շատ են և օր օրի ավելանում են: Այն ինչ ես անում եմ ուղղակի հակաթույն է մեր հանրությունը թունավորելու դեմ ու ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակությունը առողջ ապրի»,- ասաց նա և ավելացրեց՝ «Իսկ հիմա թույլ տվեք գնամ տուն»: