Վ. Հովհաննիսյանին դեսպան ուղարկելով ՀՅԴ–ն դարձյալ կմնա ամենասկզբունքային քաղաքական ուժը. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակմամբ ՀՅԴ–ն չի տուժի և կշարունակի մնալ ամենասկզբունքային քաղաքական ուժը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց նույն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իշխանության հետ համագործակցությունը, մասնավորապես արտաքին դիվանագիտության ոլորտում դեռ ոչինչ չի նշանակում։
«Այդ քայլից Դաշնակցությունը որևէ կերպ չի տուժելու։ Եթե անհամատեղելի լինի, դրանից չի տուժի ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ էլ Վահան Հովհաննիսյանը»,- ասաց նա։
Արմեն Ռուստամյանը նաև նշեց, թե Հայաստանը նոր գործընթացների մեջ է մտնելու, և ՀՅԴ-ն չէր կարող անտարբեր լինել իր երկրի ճակատագրով։
«Անհարժեշտ է շատ ավելի լուրջ և հաշվարկված գործողությունների ծրագիր իրականացնել, որպեսզի էլի պատմական սխալ չգործենք, և այն ինչ ունենք ազատագրված Արցախի միջոցով։ Մեր ամենակարևոր խնդիրն է մեր սերունդներին կտակել 42 000 քմ տարածք»,-ասաց նա։
Նշենք, որ Վահան Հովհաննիսյանն իշխանության առաջարկին՝ ստանձնելու Գերմանիայում դեսպանի պարտավորությունը, դրական է արձագանքել։










