Անունը կլինի Ասոցացման համաձայնագիր, թե Իսոցացման. Արմեն Աշոտյանը պնդում է, թե ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, չնայած Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այսօրվա հայտարարությանը, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անհնարին է, այդուհանդերձ շարունակում է պնդել, թե մինչև դեկտեմբերի 1-ը Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության փաստաթուղթ կստորագրվի։
«Դուք շարունակելու՞ եք մինչև դեկտեմբերի 1-ը մնալ լրագրող և հետևել իրադարձություններին»,-Tert.am-ի լրագրողի հարցին ի պատասխան իր հերթին հարցրեց ՀՀ ԿԳ նախարարը։
Մեր դիտարկմանը, թե այսքանից հետո ՀՀԿ-ն կրկին շարունակում է պնդել, թե ինչ-որ փաստաթուղթ այդուհանդերձ ստորագրվելու է, Աշոտյանը շարունակեց. «Հարց եմ տալիս, դեռ կշարունակե՞ք հետևել իրադարձություններին»։
Դրական պատասխանից հետո, նախարարը ժպիտով ինքնավստահ վրա բերեց. «Ուրեմն կապրենք կտեսնեք. դրա անունը կլինի Ասոցացման համաձայնագիր, թե Իսոցացման համաձայնագիր... ի՞նչ կապ ունի այն քաղաքական կամքը, որը դրսևորում են երկու կողմերը՝ շարունակելու հարաբերությունները, պայմանագրի, կամ փաստաթղթի անվանման հետ»։
Հարցին, թե նրանք հաջողություն կհամարե՞ն ինչ-որ ոչ կարևոր փաստաթղթի ստորագրումը, Աշոտյանը չպատասխանեց: «Արտաքին քաղականության մասին ես պարտավոր չեմ պարազաբանում տալ»,-ասաց նա։










