ԱՄՆ-ում ոստիկանները փրկել են երեխային Find My iPhone-ի օգնությամբ

12:00 • 13.09.13

Հյուսթոնում (ԱՄՆ) հաջողվել է ձերբակալել ավտոմեքենա և ակամայից նաև երեխա առևանգողին՝ iOS սարքերի պաշտպանիչ գործառույթի օգնությամբ։ Մեքենայի մեջ մոռացված iPhone-ին հնարավոր է եղել հետևել Find My iPhone-ի օգնությամբ, գրում է iphones.ru-ն։

 

Ալկոհոլ վաճառող խանութի մոտ մի տղամարդը կայանել է մեքենան, որում գտնվել է նրա 5-ամյա որդին, ու գնացել գնումների։ Մինչ հայրը գնումներ է կատարել, նրա մեքենան առևանգել է հանցագործը։

 

Խանութից դուրս գալով՝ երեխայի հայրը ոստիկանություն է կանչել։ Բարեբախտաբար, նա իր հետ խանութ էր տարել iPad-ը՝ մեքենայում թողնելով iPhone-ը։

 

Find My iPhone գործառույթի շնորհիվ նրան հաջողվել է հետևել մեքենայի տեղաշարժին։ Ստանալով նման ճիշտ տվյալներ՝ ոստիկաններին հաջողվել է շատ արագ հայտնաբերել գողացված մեքենան և երեխային վերադարձնել ընտանիք։