Եվրամիությունը «և,և» տարբերակը երբեք չի բացառի. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր կայացած ասուլիսին խոսելով Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի հայտարարության շուրջ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքից, հայտարարեց, որ Եվրոպայից պաշտոնական որևէ արձագանք չեն ստացել, ու վստահաբար ասաց, որ Եվրամիությունը երբեք չի բացառի «և,և» տարբերակը։
«Մենք եվրոպայից պաշտոնական որևէ արձագանք չունենք, եվրոպացիների հետ հանդիպումների ժամանակ իրենք այդ որոշումը շատ սովորական են ընդունում»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք ՄՄ-ին անդամակցելու քննարկումների մասնակից չեն եղել, որովհետև ֆորմատն էր այդպիսին, բայց ասաց, որ փորձելու ենք իրենց դիրքորոշումներով մասնակից դառնալ:
Որոշման անակնկալ լինելու մասին Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք միշտ ասել են, որ «և, և-ի» կողմնակից են, նույնիսկ եթե և-երը ավելանան, պետք է մասնակցեն. «Այնպես որ այստեղ սենսացիաներ չկան: Իսկ ընդդիմադիր դաշտն ինչ-որ կոտրվածություն է տեսնում իր մեջ և փորձում է թիրախ դարձնել իշխանություններին»:
Հարցին, թե ինչ կլինի, եթե պաշտոնական Եվրոպան հստակ բացառի «և, և-ի» տարբերակը, նա պատասխանեց. «Դա երբեք չի բացառվի»։
«Մի մտածեք, որ եվրոպական կառույցները մեզ հետ խնդիրներ չունեն, այնպես չի, որ մենք մեծ շահագրգռվածություն ունենք, և Եվրոպան մեզնից շահ չունի, կարծում եմ, որ Եվրոպան մեզ հետ կապված շահեր ունի»,- ասաց նա։










