Նկարս հուշարձանից կախողն այն տրամաբանությունն ունի, երբ «զաբոռի» վրա գրում են՝«Վալոդ+Սիրուշ=սեր». Գարեգին Չուգասզյան

19:19 • 13.09.13

Մարդկանց տեսակ կա, որը «զաբոռի» վրա գրում է՝ «Վալոդ+Սիրուշ=սեր», և Կարո Եղնուկյանի ու Գարեգին Չուգասզյանի նկարները Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների կողմից «Փակ շուկայի» ճակատին կախելը հենց այս տրամաբանության շրջանակներում է: Tert.am-ի հետ զրույցում իր և Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի նկարները շուկայի ճակատային մասից կախելն այսպես մեկնաբանեց Գարեգին Չուգասզյանը:


«Այս մարդիկ մեծանալուց հետո իրենց անունները սիրում են, որպես կանոն, թողնել հուշարձանների, եկեղեցիների պատերի վրա: Օրինակ՝ այստեղ եղել է Սերոժը»,-ասաց Նախախորհրդարանի անդամը, ում խոսքով՝ սխալվում է անձը, ով հրահրում է այդ գործողությունները, թե դրանով վիրավորում է իրեն՝ Գարեգին Չուգասզյանին:


«Ես շատ հանգիստ եմ դրան վերաբերում, և թերևս իմ նկարի տակ արված գրությունը՝ «ընդիմախոս», լավագույնս բնութագրում է այդ անձին (տառասխալն ընդդիմախոս բառում -Tert.am): Բայց, եթե Հայաստանը քաղաքակիրթ երկիր լիներ, ապա պատկան մարմիններին պետք է որ հետաքրքրեր, որ մայրաքաղաքի հուշարձանի վրա ով ինչ ասես չփակցնի»: