Քերին Լավրովին ժպտում է, բայց չի վստահում

12:35 • 13.09.13

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ու նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ տեղի է ունեցել մի միջադեպ, որն արտացոլում է ռուս-ամերիկյան հարաբերությունների անվստահության մակարդակը, գրում է Al Arabiya-ն։

 

Բանն այն է, որ 2 դիվանագետների՝ սիրիական քիմիական զենքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ, Քերիի ականջակալի հետ ինչ-որ խնդիր է առաջացել, և պետքարտուղարը խնդրել է ռուս թարգմանչին կրկնել Լավրովի հայտարարության վերջին հատվածը, քանի որ չի լսել այդ մասը։

 

Սակայն թարգմանիչն անհայտ պատճառներով չի շտապել թարգմանել Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության պահանջվող հատվածը, իսկ Լավրովը փորձել է վստահեցնել Քերիին, որ ամեն ինչ կարգին է և որ ինքը որևէ վիճահարույց բան չի ասել։

 

«Ամեն ինչ կարգին է, Ջոն, մի անհանգստացիր»,- ժպիտով ասել է Լավրովը, ինչին նույնպիսի լայն ժպիտով պետքարտուղարը պատասխանել է.«Ուզում ես, որ քո խոսքին վստահե՞մ։ Դրա համար մի քիչ վաղ է»։