Գալուստ Սահակյանը հրաժարվեց Անդրիաս Ղուկասյանի հետ համատեղ ասուլիսից
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հրաժարվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ միասին մասնակցել նախապես պլանավորված համատեղ ասուլիսին՝ Մաքսային միության անդամակցության թեմայով։
«Ես որևէ խնդիր չունեմ որևէ մեկի հետ վիճաբանության մեջ մտնելու, այն գործիչներից մեկն եմ, որ հարգում եմ բոլորի տեսակետերը, բայց ես որևէ ընդդիմադիր գործիչի ասելիք չունեմ»,- լրագրողներին ասաց Գալուստ Սահակյանը՝ վստահեցնելով, որ ինքը բոլորի կարծիքները հարգում է, բայց պարտադիր չէ, որ ընդունի դրանք։
Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ ինքը եկել էր Գալուստ Սահակյանի հետ համատեղ մասնակցել ասուլիսին, սակայն անակնկալի է եկել: «Ինձ համար անակնկալ էր, որ ֆորմատը վերջին պահին փոխվեց, ես չգիտեմ ինչ կատարվեց, բայց սա ֆորս-մաժորային ինչ-որ իրադարձություն էր»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսն էր Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Աբրահամյանը, ում հետ էլ համատեղ ասուլիսից հրաժարվեց Անդրիաս Ղուկասյանը: Այդ մասին Ռոբերտ Աբրահամյանն ասաց. «Անդրիասը գերազանց պատկերացնում էր, որ ես փորձելու եմ իրեն հակասել, ասելու էի՝ հարգելիս, Ձեր կոնկրետ ծրագիրը ներկայացրեք, ո՞րն է ձեր կոնկրետ ծրագիրը»:










