Ռուսաստանը բարձրացրել է Բելառուս արտահանվող գազի գինը

16:19 • 13.09.13

Բելառուսը 2014թ.-ից Ռուսաստանից գազ կստանա 1000 խորանարդ մետրի դիմաց 175 դոլար գնով։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նա նշել է, որ այժմ ռուսական գազի գինը մոտ 163 դոլար է։ Գազի գնի բարձրացումը, պաշտոնյայի խոսքով, կապված է նավթի գնի ավելացման հետ։

 

Ինչպես նշել է Սեմաշկոն ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպումից հետո, «հեռանկարում» Բելառուսն ունենալու է ամենաէժան գազը։ Որպես օրինակ՝ նա նշել է Ուկրաինան, որը գազ է ստանում 440 դոլար սակագնով։

 

Միլլերը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ընթացիկ տարում ռուսական գազի ծավալներն ավելացել են։ Միլլերը հավելել է, որ մտադիր է ավելացնել վառելիքի արտահանումը Բելառուսի տարածքով՝ «Յամալ-Եվրոպա» գազատարով։