Ստրոս-Կանը՝ Սերբիայի կառավարության խորհրդական
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը համաձայնվել է դառնալ Սերբիայի կառավարության խորհրդական, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին: Ենթադրվում է, որ Ստրոս-Կանը պետական պարտքի կրճատման հարցերով խորհրդատվություն կտրամադրի Սերբիայի ղեկավարությանը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սերբիայի կառավարությանը չի անհանգստացնում Ստրոս-Կանի իմիջը և համբավը, Սերբիայի փոխվարչապետը հայտարարել է, որ նրա անձնական կյանքը կապ չունի այն խնդիրների հետ, որոնք նա փորձելու է լուծել երկրում:
Ստրոս-Կանը 2011 թվականին հրաժարական էր տվել սեքսուալ սկանդալից հետո: Նա մեղադրվում էր նյույորքյան հյուրանոցում աշխատակցուհուն բռնաբարելու համար: Մի քանի ամիս անց, այնուամենայնիվ, նրա դեմ գործը փակվել է, քանի որ վկայությունները դրվել են կասկածի տակ: 2012-ին Ստրոս-Կանին ձերբակալել էին Ֆրանսիայում՝ կավատության մեղադրանքով: Այս գործի քննությունը կսկսվի 2014թ.-ին։










