Սիրիան քիմիական զենքը պահում է 50 ռազմական օբյեկտում. The Wall Street Journal
Սիրիական բանակը քիմիական զենքն ու դրա ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումները տեղաբաշխել է երկրի տարածքով մեկ գտնվող 50 ռազմական օբյեկտում, The Wall Street Journal-ին հղումով գրում է Взгляд-ը՝ մանրամասնելով, որ դա արվել է ամերիկյան հետախուզության աշխատանքը քիմիական զենքի որոնման հարցում բարդացնելու համար։
Քիմիական զենքի տեղաբաշխումն իրականացվել է անցած շաբաթ, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում էր հարվածել Սիրիային՝ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման պատճառով։
Պարբերականը նկատում է, որ քիմիական զենքի տեղաբաշխումը 50 օբյեկտներում կդժվարացնի ԱՄՆ-ի հնարավոր ռազմական հարվածներն այն օբյեկտների ուղղությամբ, որտեղ պահվում են զանգվածային ոչնչացման զենքեր։
Բացի այդ, կարող են հավելյալ դժվարություններ ստեղծվել սիրիական քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնելու գործընթացում։
Հիշեցնենք, որ Սիրիան դարձել է Քիմիական զենքն արգելող կոնվենցիայի լիիրավ անդամ։










