Աշխարհի ամենամեծ մեգապոլիս է ճանաչվել Տոկիոն
Տոկիոն աշխարհի ամենախոշոր մեգապոլիսն է, ասվում է Population Reference Bureau ամերիկյան հետազոտական կազմակերպության զեկույցում, որը զբաղվում է ազգաբնակչության խնդիրներով, գրում է segodnya.ua-ն։
Տոկիոյում ապրում է 37.2 մլն մարդ, ինչը երկրի բնակչության 29%-ն է։
Ցուցակի 2-րդ տեղում գտնվում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին։ Այնտեղ ապրում է 22.7 մլն մարդ։ Երրորդ տեղում Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն է՝ 20.5 մլն բնակչությամբ։
Բնակչության թվով ամենախոշոր քաղաքների «տասնյակում» ընդգրկվել են Նյու Յորքը, Շանհայը, Սան Պաուլուն, Մումբայը, Պեկինը, Դաքան և Կալկաթան։
Այս կազմակերպության տվյալներով՝ Երկրում ապրում է 7.1 մլրդ մարդ։ Ասիայում ապրում է 4.8 մլրդ, Աֆրիկայում՝ 1.1 մլրդ, Եվրոպայում՝ 760 մլն, Հյուսիսային Ամերիկայում՝ 352 մլն, իսկ Հարավային Ամերիկայում՝ 606 մլն մարդ։ Ամենաքիչ բնակչությունն ունեն Ավստրալիան և Օվկիանիան՝ 38 մլն մարդ։
Population Reference Bureau-ի կանխատեսումներով՝ մինչև 2050թ. Երկրի բնակչությունը կավելանա մինչև 9.7 մլրդ մարդ, որոնցից 2.4 մլրդ-ը կապրի Աֆրիկայում։










