«Ալ-Կաիդայի» առաջնորդը կոչ է արել ԱՄՆ-ում ահաբեկչություններ իրականացնել

12:43 • 13.09.13

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Այման ազ-Զավահիրին կոչ է արել հարձակումների շարք սկսել, որոնք կոչված են թուլացնել ամերիկյան տնտեսությունը։ Նա հույս է հայտնել, որ արդյունքում դա կհանգեցնի ԱՄՆ-ին մեծ հարվածի, տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Մենք պետք է ստիպենք ամերիկյան տնտեսությանն արնաքամ լինել՝ ստիպելով ավելի մեծ գումարներ ներդնել իր անվտանգությունը մեծացնելու համար»,-հայտարարել է Զավահիրին։

 

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի հաջորդ օրը համացանցում հայտնված ուղերձում Զավահիրին հայտարարել է, որ «մեկ կամ մի քանի եղբայրների» կողմից կազմակերպված ահաբեկչությունն ընդունակ է թուլացնել ԱՄՆ-ի տնտեսությունը։

 

Ահաբեկչական կազմակերպության առաջնորդն ընդգծել է, որ նման ռազմավարությունը կհարվածի «ԱՄՆ-ի թույլ տեղին», քանի որ բազմամիլիոնանոց ծախսերը բանակի և անվտանգության ծառայությունների վրա արդեն վնասել են նրա տնտեսությունը։

 

Նրա խոսքով՝ երկրում լարված մթնոլորտ ստեղծելու համար բավարար կլինի մի քանի ահաբեկչություններ տարբեր վայրերում։


«Նախկինում մենք ԱՄՆ-ին հաղթել ենք Սոմալիի, Եմենի, Իրաքի և Աֆղանստանի վրա հարձակումների ժամանակ. այժմ եկել է ժամանակը պատերազմելու նրանց իսկ հողում»,-ասել է Զավահիրին։

 

«Ալ-Կաիդայի» առաջնորդը նաև նշել է, որ մուսուլմանները պետք է ցանկացած հնարավորություն օգտագործեն ԱՄՆ-ին «մեծ հարված» հասցնելու համար, անգամ եթե դրա համար տարիների համբերություն պահանջվի։