ԱԺ Էթիկայի հանձնաժողովից ՀԱԿ անդամին հետ կանչելով՝ անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու տրամադրություն կա
Երեկ տարածված հայտարարությամբ՝ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանին ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ կանչելով հնարավորություններ կան, որպեսզի խորհրդարանական չորս ընդդիմադիր խմբակցությունները կոալիցիոն մեծամասնությանը փաստի առաջ կանգնեցնեն, այսպես կոչված, անհաղթահարելի խոչընդոտի առաջ:
Բանն այն է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում ռոտացիոն կարգով նախագահելու հերթը հիմա ՀԱԿ-ին է, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջն այն է, որ այս հանձնաժողովում վեց ամիս նախագահի ԱԺ ամենամեծ իշխանական խմբակցությունը, վեց ամիս՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ոչ մի իրավական ու իրավաբանական փակուղի հնարավոր չէ, որովհետև, եթե ՀԱԿ-ը հետ է կանչում իր անդամին, հանձնաժողովի նախագահ կնշանակվի հաջորդ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից:
«Չէ, եթե իրենք հրաժարվում են, իրենց իրավունքն է, կան այլ ընդդիմադիր խմբակցություններ : Դուք մտածում եք, որ անհաղթահարելի խոչընդոտներ կլինե՞ն, բոլոր իրավիճակներում էլ լուծումներ կգտնվեն»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Քանի որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որն իր մեծությամբ երկրորդն է, իրեն ընդդիմություն չի հռչակել, ապա ընտրությունը կանգ է առնելու «Հայ Յեղափոխական Դաշնակցության» վրա, քանի որ վերջինս ունի 5 անդամ, ի տարբերություն 4 անդամ ունեցող «Ժառանգության»:
Թեև ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում դե յուրե մնում է ժամանակին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից խորհրդարան մտած Ալեքսանդր Արզումանյանի անունը, բայց Խաչատուր Քոքոբելյանն անգամ դե յուրե խմբակցության անդամ չէ:
Tert.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանը, ի պատասխան հարցի, թե հնարավոր համարու՞մ է, որ մյուս խմբակցությունները, ներառյալ ԲՀԿ-ն, հետ կանչեն Էթիկայի հանձնաժողովից իր անդամներին, նշեց. «Քաղաքական որոշ բանակցություններ կան, և տրամադրությունները նույն են, ինչ որ մերը: Քանի որ իրենք էլ են հասկանում, որ առայժմ այս հանձնաժողովը աշխատող հանձնաժողով չէ և միտված է միայն հանրապետական շահերի սպասարկմանը»:
Լյուդմիլա Սարգսյանը հավելեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում, որով յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամ ունենալու համամասնությունը փոխվեց հօգուտ կոալիցիայի՝ դառնալով երկու ներկայացուցիչ ՀՀԿ-ից , ավելի ակնհայտ երևաց հանձնաժողովի անիմաստ լինելը:
«Այս հանձնաժողովի գործառությունն է, որպեսզի ՀՀԿ-ական պատգամավորների ու ՕԵԿ-ի ձայներով թույլ չտա որևէ հակահանրապետական որոշման կայացում, թեև առաջին հայացքից թվում է, որ ընդդիմությունը նույն ձայները պետք է ունենա հանձնաժողովում»,- ասաց նա։
Ի պատասխան հարցի, թե մի՞շտ է, որ ընդդիմությունը միասնական է քվեարկում ընդդեմ ՀՀԿ-ի, ՀԱԿ անդամն ասաց, որ այդ մասին կլռի, բայց ավելացրեց, որ ժամանակը ցույց կտա՝ հնարավո՞ր է, որ մյուսները ևս հետ կանչեն իրենց անդամներին:
Tert. аm-ը փորձեց պարզել՝ ՀՅԴ-ն որքանո՞վ է հնարավոր համարում իր անդամի հետ կանչելը, սակայն հանձնաժողովում այս խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չպատասխանեց հեռախոսազանգին:
«Ժառանգությունից» Tert. аm-ին Թևան Պողոսյանն ասաց, որ չի կարող այս մասին որևէ բան ասել, քանի որ իրենց խմբակցության անդամների գործուղման մեջ գտնվելու պատճառով այս մասին քննարկում չի եղել:
«Մեր խմբակցությունում էդ հարցը վերջնական քննարկում չի ունեցել, սակայն ես ամեն սցենար էլ հնարավոր եմ համարում» ,- ասաց Թևան Պողոսյանը:
Ի դեպ, ռոտացիան վերաբերում է նաև Թևան Պողոսյանին, քանի որ անկախ նրանից նման որոշում կկայացվի՞, թե ոչ, նրան այդ հանձնաժողովում փոխարինելու է «Ժառանգության» այլ անդամ:
Սակայն նրա անձնական տեսակետն այն է, որ չնայած բացերին, հանձնաժողովը զսպող ու դաստիարակչական դեր ունի ԱԺ պատգամավորների համար, սկսած բառապաշարից:
«Մարդիկ, իմանալով որ իրենց գործը վարույթ է ընդունված կամ կարող ընդունվել, այնուամենայնիվ, փորձում են իրենց կոռեկտ պահել, բառապաշարի առումով»,- ասաց նա։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է չորս խմբակցությունների հետ համագործակցության շրջանակներում հետ կանչեն իրենց անդամին՝ Վահան Բաբայանին, նշեց. «Մեր դիրքորոշումը հստակ է. այն պահին, երբ ԱԺ-ն կընդունի առաջին ընթերցմամբ ընդունված կիսագրագետ և հակասահմանադրական նախագիծը, որը Էթիկայի հանձնաժողովին օժտելու է հակասահմանադրական գերլիազորություններով, և , ըստ էության, տալու է քաղաքական մահակի ստատուս, ԲՀԿ-ն հետ կկանչի իր անդամին»:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունված է առաջին ընթերցմամբ, սակայն, ըստ որոշ մեկնաբանությունների, քաղաքական մեծամասնությունն այս պահին ձեռնպահ է մնում այն վերջնական ընթերցմամբ ընդունելուց և այդ իսկ պատճառով այն «տշում է» քառօրյայից քառօրյա:










