Հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից. Շտեֆան Ֆյուլե
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ նշել է, որ ԵՄ-Հայաստան փոխհարաբերություններում ոչինչ վերջացած չէ, և ավելացրել է. «Մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև՝ կրճատված տարբերակով:
«Ազատություն»․ - Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում կա՞ Հայաստանի համար, թե՞ ամեն ինչ վերջացած է:
Ֆյուլե․ - Ոչ, վերջացած չէ, և մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից: Նման բան տեղի չի ունենալու: Նախ՝ մենք քննարկեցինք տեղի ունեցածը և Մաքսային միությանը միանալու նախագահի որոշումը, և ես նրան վստահեցրեցի, որ այն, ինչ մենք պահանջում ենք ուրիշներից՝ հարգել ազատ ընտրություն կատարելու իրավունքը, մենք ինքներս էլ ենք հարգում ազատ ընտրություն կատարելու այդ իրավունքը: Սա է ամբողջը: Ուզում եմ ասել՝ մենք չենք պահանջել և ակնկալել մեր հարևաններից ինչ-որ բան անել, իսկ ինքներս՝ ուրիշ կերպ վարվել:
Մենք մի փոքր խոսեցինք անցյալից՝ բանակցություններից, հավատից և փոխվստահությունից: Թերևս ավելի կարևոր է այն, որ մենք քննարկեցինք, թե ինչպես առաջ շարժվել՝ հիմնվելով մինչ այժմ մեր ունեցած ձեռքբերումների, հայաստանցիների համար շատ կարևոր մի շարք ոլորտներում՝ բարեփոխումների և արդիականացման, շարժունակության, փոխադարձ կապերի, լավ կառավարման, օրենքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և ոլորտային կոռուպցիայի խնդիրների շուրջ տարիների համագործակցության և բանակցությունների վրա:
Ես ասացի նախագահին, որ որոշակի սկզբունքներ կան, որոնցից մենք չենք հրաժարվելու: Դրանցից մեկն այն է, որ մեր գործընկերները իրենք են ձևակերպում իրենց հավակնությունները, այն ճանապարհը, որով իրենք հասնելու են ընտրված արժեքներին և սկզբունքներին, և մենք հնարավորը կանենք այդ հավակնություններին համարժեք կերպով պատասխանելու մեր քայլերով և աջակցությամբ:
Շարունակությունը կարդացեք՝ այստեղ:










