Հայ, ռուս, վրացի և լատվիացի դերասանները «Պապ 005» կինոկատակերգության երևանյան պրեմիերայից առաջ
Հայ, ռուս, վրացի և լատվիացի դերասանական կազմով նկարահանված «Պապ 005» կինոկատակերգության երևանյան պրեմիերան այսօր էր, որին մասնակցելու էր եկել դերասանական ողջ կազմը, թերևս միայն Վախթանգ Կիկաբիձեն էր բացակա։ Իսկ մինչ այդ, Սերգեյ Շակուրովը, Անդրիս Բուլիսը, Կոնստանտին Յուշկևիչը, Հրանտ Թոխատյանը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Արմեն Մեդվեդևը և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Պրոդյուսեր Արմեն Մեդվեդևը անկեղծացավ, ֆիլմի նկարահանումները իրեն հաճելիորեն հիշեցնում էին սովետական շրջանը։
«Իմ համոզմամբ՝ ստացված կատակերգություն է, որը նկարահանել են Մհեր Մկրտչյանը և Արկադի Գրիգորյանը։ Գլխավոր դերակատարը Լատվիայից է, ում դեբյուտն է ֆիլմում։ Ընդհանուր առմամբ, սովետական շրջանի հաճելի քամի է, երբ կինոմատոգրաֆները փնտրում են իրար, որպեսզի հանդիսատեսին լավ ֆիլմ ներկայացնեն ։ Առանց որևէ ադմինիստրատիվ հանձնարարության ծնվում է ֆիլմ՝ մեր սիմպատիայի, մեր կապվածության, մեր սիրահարվածության մասին։ Ես չեմ ասում դեռ, որ այդ ֆիլմը Շակուրովի խոշոր դերերից է, նրա հետ Վախթանգ Կիկաբիձեինը՝ նույնպես»,- նշեց նա։
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նշեց, թե ֆիլմը նկարահանելիս ինքը չի էլ մտածել ինչ ճակատագրի կարժանանա այն։ «Երբեք նկարահանելուց նպատակ չես դնում, ինչ կյանք կունենա ֆիլմը. կունենա փառատոնային կյանք կամ կոմերցիոն։ Շատ ժամանակ, երբ ֆիլմը պատրաստ է, ինքն է սկսում ապրել իր կյանքով և նոր միայն պարզ է դառնում, թե ուր է գնում»,- ասաց նա։
Հարցին, թե տարիքային որ խմբի հանդիսատեսի համար է, պատասխանեց. «Իմ կարծիքով 30-ից բարձր տարիքային խմբի, իհարկե նախապես մտածել էինք, որ 14-25 տարեկանների համար լինի, բայց երբ ֆիլմն արդեն պատրաստ էր, հասկացանք, որ ավելի բարձր տարիքի համար է»։
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ռուսական արտադրության ֆիլմի նկարահանումների զգալի մասը կատարվել է Հայաստանում: Ավելին, այս տարի օգոստոսին Ռուսաստանի Վիբորգ քաղաքում կայացած ամենամյա կինոփառատոնը բացվել է հենց «Պապ 005» ֆիլմով։
Թե ինչու է ֆիլմի վերնագիրն ընտրվել «Պապ 005», ռեժիսորը բացատրեց. «Գլխավոր հերոսի կերպարի համար, քանի որ վերջինս ծառայել է համակարգում»։
Գլխավոր հերոս Անդրիս Բուլիս ասաց. «Այնպիսի խումբ էր ձևավորվել, որ կարող եմ ասել, որ եթե մեկին սցենարը դուր չգա, ուրեմն նկարահանվող դերասանը այն լավ չի հասկացել, եթե գլխավոր դերասանը դուր չի եկել, ուրեմն մեղավոր է ռեժիսորը, իսկ եթե դուր չգա նկարը, այսինքն՝ օպերատորական աշխատանքը, ուրեմն միաժամանակ նաև դերասանն է մեղավոր, որ չի կարողացել այն ստանալ»։
Սերգեյ Շակուրովին ուրախացրել էր այն, որ ֆիլմի առաջին ցուցադրությանը առիթ էր ընձեռվելու գալ Հայաստան և հանդիպել իր ծանոթներին, հարազատներին։
Թե ինչ դեր է ստանձնել Հրատ Թոխատյանը ֆիլմում, պատասխանեց, որ եթե Սերգեյ Շակուրովը գլխավոր հերոսի պապիկն է, ապա ինքն էլ գլխավոր հերոսուհու հայրիկն է։ «Այո խնամիներ ենք»,- ասաց նա և նշեց, որ այստեղ հայ աղջկան տալ-չտալու հարցը չկա, քանի որ 21-րդ դարում դա արդեն արդիական չէ։
«Ի վերջո, իհարկե, ավանդական հայր եմ, ամեն կերպ ուզում եմ իմանալ, թե ում է ընտրել իմ աղջիկը, ինչ ճակատագիր պետք է ունենա, մանավանդ որ ամուսինը պաշտոնյա է, իսկ դա նշանակում է, որ միայն Հայաստանում չպետք է ապրի»,- նշեց Թոխատյանը։
Թոխատյանը ներկաներին հանգստացրեց. ««Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հետ կապ չունի»։
Նշենք, որ ֆիլմը սիրո պատմություն է ռուս երիտասարդի և հայ աղջկա մասին և պատմում է 70 տարեկան թոշակառու Օլեգ Ստիպանովիչի և նրա թոռան՝ Անդրեյի մասին։










