Տաթևի զարգացման ծրագրով Սվարանցի հանքի բացման խոսակցությունները փակվել են. բնակիչներն այլ բան են ուզում

18:42 • 14.09.13

Սյունիքի մարզի Սվարանց գյուղի տարածքում գտնվող երկաթի հանքավայրի շահագործման վերաբերյալ խոսակցությունները կառավարության «Տաթևի և հարակից համայնքների զարգացման» ծրագրով փակվել են: Մինչդեռ, ինչպես Սվարանցի գյուղապետն է ասում, բնակիչները կողմ են հանքի բացմանը:


Ինչպես Սյունիք այցելած մի խումբ լրագրողների ասաց մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը՝ քանի որ հիմա կա Տաթևի զարգացման խնդիր, այդ հարցը քննարկումների և ուսումնասիրության փուլից այն կողմ չի անցել:


«Պետք է պարզել, թե արդյոք դա կարո՞ղ է էկոլոգիական խնդիրներ առաջացնել»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ, իհարկե, խնդիրներ կառաջացնի. «Հիմա շահագործման վերաբերյալ խոսք անգամ չկա, դա ընդամենը խոսակցությունների փուլում էր, իսկ հիմա պետք է լուրջ փորձաքննություններ արվի, նոր»:


Վերջինիս տեղեկացմամբ՝ որոշ ժամանակ այնտեղ լեռնահետախուզական աշխատանքներ են արվել:


Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղում անցած տարվա մայիսից մինչև սեպտեմբերի վերջ մի խումբ հայ մասնագետներ լեռնահետախուզական աշխատանքներ են իրականացրել և առ այսօր ոչ մի բան չեն ասել:


Գյուղապետի փոխանցմամբ՝ երբ հարցնում էին, թե որն է գյուղի համար լավ՝ ճոպանուղի՞ն, թե՞ հանքերը, մարդիկ ասում էին, որ հանքերը, որովհետև աշխատատեղեր են լինելու:


Նշենք, որ հանքը Տաթևից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում, և որոշ մասնագետներ ասում են, որ վերջինիս շահագործումը կարող է լուրջ վնասն հասցնել «Տաթևեր» ճոպանուղուն:


Ինչ վերաբերում է հանքի շահագործման դեպքում Սվարանցի բնակիչներին տարհանելու հարցին, Արթուր Մարգարյանն ասաց, որ այդ առումով խնդիրներ չեն լինի, քանի որ դա երկաթի հանքավայր է, և ուրանի պաշարներ չկան: