Յուրի Վարդանյանի որդու և մյուս երեք տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Վթարի ենթարկված Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի և մյուս տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը։
Նա նշեց, որ նախնական տեղեկությունը, թե վթարից տուժել է 6 քաղաքացի, իրականությանը չի համապատասխանում։ «Այս պահին հիվանդանոցում բուժօգնություն է ստանում երեք քաղաքացի, որոնք թեթև մարմնական վնասվածք են ստացել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 և Գազել մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Lexus-ի վարորդը՝ սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է՝ Նորայր Վարդանյանը:










