Ավտովթար Գյումրիում. տուժածներին տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)
Գյումրիում այսօր՝ ժամը 10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Ալեք Մանուկյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց. այս մասին Tert.am-ին տեղեկացնում է Արթուր Մելիքյանը։ Ըստ նրա՝ բախվել են «Գազ 24.10» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
«Ականատեսների վկայությամբ՝ «Մերսեդեսն» է խախտել ճանապարհային երթևեկության կանոնները՝ չի զիջել խաչմերուկը հատող Գազ 24.10-ին, հետևանքում մեքենաները բախվել են, որից հետո «Մերսեդեսը» հարվածել է նաև մայթեզրի գովազդային վահանակներին, ջարդել դրանք ու բախվել գետնանցումին»,- նշեց նա:
«Մերսեդեսի» վարորդ՝ 37 տարեկան Արսեն Բեյբությանը և «Գազ 24.10-ի» վարորդ Վաչագան Սարգսյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
Ի դեպ, Արթուր Մելիքյանը նշում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող այս խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախ են տեղի ունենում, չնայած որ խաչմերուկին ճանապարհային երթևեկության նշաններ ու լուսացույցներ կան:










