Վուդի Ալենը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ

13:58 • 14.09.13

Հաջորդ տարի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում հերթական անգամ կշնորհվի Սեսիլ Բ. Դե Միլի անվան մրցանակը։ Կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար շնորհվող այս ամենամյա մրցանակի թեկնածուներին որոշում է Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիան։

 

2014թ. մրցանակը կհանձնվի ռեժիսոր Վուդի Ալենին, հայտնում է filmpro.ru-ն։

 

Օտարերկրյա լրագրողների մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1952-ին, այդ ժամանակ այն ստացել է ռեժիսոր Սեսիլ Բ.Դե Միլը։ Նրա պատվին էլ այն ժամանակ դեռ անհայտ մրցանակը ստացել է իր անվանումը։

 

Դրանից մեկ տարի անց Cecil B. DeMille Award մրցանակը շնորհվել է Ուոլթ Դիսնեյին, մրցանակակիրներ են նաև Գրեգորի Պեկը, Ալֆրեդ Հիչքոքը, Օդրի Հեփբերնը, Քլինթ Իսթվուդը, Մայքլ Դուգլասը և այլն։ Այս տարի մրցանակին արժանացել է Ջոդի Ֆոսթերը։