Արա Զոհրաբյանը, որպես առաջին քայլ, կնվազեցնի ՓՊ նախագահի աշխատավարձը
Հոկտեմբերի 4-ին փաստաբան Արա Զոհրաբյանը կստանձնի Փաստաբանների պալատի նախագահությունը: Նա վստահեցնում է, որ հենց առաջին իսկ օրերից կփորձի ուսումնասիրել պալատում առկա խնդիրները, սակայն որպես առաջին քայլ կնվազեցնի պալատի նախագահի աշխատավարձը:
Tert.am-ի հետ զրույցում Արա Զոհրաբյանը նաև նշեց, որ իր առաջիկա քայլերի հերթականությունն ավելի ճիշտ կպատկերացնի, երբ արդեն ստանձնի պաշտոնը:
«Կփորձեմ այս պահին ընթացիկ խնդիրները լուծել, որոնք կապված են շենքի աշխատանքների հետ: Ինչպես գիտեք, հիմա Փաստաբանների պալատին շենք են տրամադրել, ներկայումս այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, կփորձեմ հասկանալ՝ ինչ ընթացքի մեջ է, երբ է ավարտվելու: Իսկ առաջիկայում սպասվում է գույքային միավորների, ակտիվների, պարտավորությունների հանձնում և ընդունում: Դրանից հետո պետք է ծրագրել առաջին քայլերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ՓՊ-ում անցկացվել է նախագահի ընտրություն, որտեղ ձայների բացարձակ մեծամասնությամբ ՓՊ նախագահ է ընտրվել Արա Զոհրաբյանը: Նրա օգտին է քվեարկել 713 ընտրող: Ձայների քանակով երկրորդ տեղում է Տիգրան Աթանեսյանը՝ 94 ձայն: Կրոմվել Գրիգորյանը 87 ընտրողի ձայնով երրորդ տեղում է: Անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկ:
ՓՊ-ի նորընտիր նախագահը նշեց, որ ինքը քայլեր է ձեռնարկելու պալատի աշխատակազմը երիտասարդ ու պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ:
«Պետք է հասկանալ աշխատակազմի հետ կապված խնդիրները, գուցե այն համալրելու անհրաժեշտություն լինի: Դրա համար առաջին քայլը, որ անելու եմ, պալատի նախագահի աշխատավարձի նվազեցումն է: Հիմա դա 750 հազ. դրամ է, ես դա կփորձեմ իջեցնել, որպեսզի դրա հաշվին կարողանամ մի երկու հաստիքի հարց լուծել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք իր մրցակից թեկնածուների ծրագրային դրույթներից օգտվելու է, թե ոչ, Արա Զոհրաբյանը պատասխանեց՝ ասելով, որ ցանկացած առաջարկ, որը կծառայի ՓՊ-ի հեղինակության բարձրացմանը կամ զարգացմանը, անպայման օգտագործվելու է:
«Օրինակ՝ Կրոմվել Գրիգորյանն իր նախընտրական ծրագրում առաջարկում էր փաստաբանի օր նշանակելու անհրաժեշտության մասին: Ես ևս կարծում եմ, որ նման օր պետք է իսկապես սահմանվի»,- ասաց նա։
Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ինչպես ՓՊ նախագահի նախկին թեկնածու փաստաբան Տիգրան Աթանեսյանն էր առաջ քաշում ՓՊ-ի ֆինանսական գործունեության թափանցիկության անհրաժեշտությունը, այնպես էլ ինքն իր ծրագրերում առաջ է քաշել եռամսյակային կտրվածքով ֆինանսական հաշվետվությունները կայքում տեղադրելու հարցը։
«Պետք է ներկայացվի ոչ միայն հաշվապահական լեզվով, այլ նաև պարզ՝ ինչ գումարներ են մուտք եղել պալատ ու դրանք ինչ ուղղություններով են ծախսվել: Ես կարծում եմ, որ եթե որևիցե տարընկալում ու խախտում լինի, ես անպայման կբացահայտեմ»,- վստահեցրեց նա:
Արա Զոհրաբյանն ասաց, որ բարձր է գնահատում դեռևս ՓՊ-ի նախագահի պաշտոնը ստանձնած Ռուբեն Սահակյանի բոլոր ձեռքբերումները ոլորտում և ընդգծեց, որ ինքը ոչ միայն դրա շարունակողն է լինելու, այլ նաև նոր ծրագրերի իրականացնողը:
«Ես նրա ցանկացած ձեռքբերում ուղղակիորեն պահպանելու եմ, քանի որ դա մեր բոլորի ձեռքբերումն է: Այն խնդիրները, որոնք Ռուբեն Սահակյանը չի հասցրել լուծել իր պաշտոնավարման ընթացքում, փորձելու եմ լուծել մեր գործընկեր փաստաբանների օգնությամբ»,– ասաց նա:
«Յուրաքանչյուր տարի ՓՊ-ի առաջ նոր մարտահրավերներ են առաջ գալիս, իսկ իմ նախընտրական կարգախոսն էր՝ «Մեր ուժը միասնության մեջ է» և, հետևաբար, փորձելու եմ միասնությանն ուղղված գործողություններ կատարել»,- ընդգծեց նա և հավաստիացրեց, որ իր կատարած աշխատանքները նկատելի կլինեն նաև լրագրողների համար:










