«Հայֆեստ» 11-րդ թատերական միջազգային փառատոնը կբացի Էդինբուրգի «1927» թատրոնը
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի մեկնարկում է 11-րդ անգամ: Հոկտեմբերի 1-ից 12-ն անցկացվող փառատոնը լի է լինելու անակնկալներով և նորարարություններով: Փառատոնի գլխավոր համակարգող Շողակաթ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի շատ խիստ են մոտեցել մասնակցության հայտ ներկայացրած թատերախմբերին և ընտրել են լավագույն ներկայացումները: Փառատոնը կբացի Էդինբուրգի «1927» թատրոնը:
«Քանակային քաղաքականություն փառատոնը վարել է առաջին հինգ տարիներին, երբ ձգտում կար բերել շատ ավելի ներկայացումներ տարբեր ուղղությունների։ Այս տարի ակցենտը դրեցինք ոչ թե քանակի, այլ որակի վրա, այդ իսկ պատճառով էլ ունենք մասնակից 23 լավագույն թատերախումբ։ Նշեմ թեկուզ նրանից մեկին՝ իտալական «Կորեա» թատերախումբը, որի ներկայացումը մեր հանդիսատեսը վայելելու հնարավորությունը կունենա փառատոնի շրջանակներում»,- ասաց Շողակաթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ արտասահմանյան խմբերի ընտրության հարցում փառատոնի կազմակերպիչներն ավելի խիստ մոտեցում են ցուցաբերել: Հայկական խմբերի դեպքում բավական մեղմ քաղաքականություն են վարել:
«Մենք փորձում ենք նրանց քաջալերել, որովհետև մերոնք ավելի շուտ նմանվում են քնած արջերի ու սպասում են, որ աշխարհը գա իրենց մոտ, այլ ոչ թե իրենք գնան աշխարհին ընդառաջ»,– նկատեց նա։
«Ասեմ, որ տարվա կտրվածքով բավական գործ է արվում: Փառատոնի գեղարվեստական ղեկավարը, տնօրենը և մյուս ծրագրային ղեկավարները մեկնում են արտասահմանյան բոլոր հեղինակավոր փառատոններին, նայում են ներկայացումներ,կնքում պայմանագրեր: Օրինակ՝ «Միրանդա» ներկայացման համար մենք պայմանագիր կնքել ենք 4 տարի առաջ»,– ավելացրեց Շողակաթ Գալստյանը:
«Հայֆեստ 2013»-ն այս տարվանից փոխել է իր քաղաքականությունը՝ կապված հանդիսատեսի հետ: Փառատոնի կազմակերպիչները որոշել են, որ այսուհետ լինելու է ազատ մուտք բոլոր ներկայացումների համար, որը հնարավորություն կտա ավելի շատ հանդիսատես բերել թատրոն: Այս տարի փառատոնի բացման ներկայացումը կլինի հրավիրատոմսերով, սակայն հաջորդ օրը նույն ներկայացումը կրկին կխաղացվի՝ կլինի ազատ մուտք հանդիսատեսի համար:
«Մյուս տարվանից մենք ուզում ենք ներկայացնել լավագույն հայկական ներկայացումների ծրագիր։ Այս տարի արդեն միջազգային լավագույն ներկայացումների ծրագիր ենք ներկայացնում, իսկ մի քանի տարի շարունակ մենք ունեցել ենք իրանական լավագույն ներկայացումների ծրագիր»,– տեղեկացրեց նա:
Այս տարի փառատոնին Հայաստանը կներկայացնի 6 թատերախումբ, որից 2-ը մարզային, մնացած 4-ը՝ երևանյան խմբեր են: Ծրագրում առավել ընդգրկված են երիտասարդ ռեժիսորների ներկայացումներ:
«Մենք փառատոնին հրավիրում ենք լավագույն ռեժիսորների և մենեջերների տարբեր երկրներից, որոնք հետագայում կնքում են պայմանագրեր հայկական թատրոնների հետ և հնարավորություն են տալիս նրանց ներկայանալու միջազգային թատերաբեմերում»,-հավելեց փառատոնի գլխավոր համակարգող Շողակաթ Գալստյանը:
Նշենք, որ անցած տասը տարիների ընթացքում «ՀայՖեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում թատերական ներկայացումներով հանդես են եկել 1500-ից ավելի արտասահմանցի մասնակիցներ 50 երկրից:
Լուսանկարը՝ panarmenian.net- ի










