ՀՀ–ում օդն ամենաշատն աղտոտված է Երևանում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում. Կարինե Դանիելյան

12:01 • 16.09.13

Օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ Հայաստանում օդն ամենի շատ աղտոտված է Երևանում Ալավերդիում, Հրազդանում և Արարատում։


«Էկոլոգիական ամենամեծ ռիսկերը մայրաքաղաքում են: Երևանում միայն 29 բաց հանք է գործում: Արդյունքում այդ փոշու և անընդհատ կառուցապատվող շինությունների փոշու հետևանքով օդի աղտոտվածությունը մեծանում է: Ներկայումս այն որոշ օրերի նորմայից բարձր է 9 անգամ, իսկ մյուս ժամանակներում՝ 2-3 անգամ»,-ասաց նա:


Կարինե Դանիելյանը նշեց, որ օզոնային շերտի պաշտպանությունն այն միակ խնդիրներից է, որտեղ մարդկությունը որոշակի հաջողության է հասել և արձանագրել խնդրի լուծման դրական տեղաշարժ:


«Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար»,– ասաց նա:


«Վերնոլորտի օզոնային շերտի պահպանությունը միջազգային կարևոր խնդիրներից է, որն ամրագրված է «Օզոնային շերտի պահպանության» Վիեննայի կոնվենցիայում: Մոնրեալի արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը»,- ասաց նա: