Կասկածյալին բռնության ենթարկած ոստիկանների նկատմամբ մեկ տարի անց ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու՝ ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու և առկա մարմնական վնասվածքները չարձանագրելու փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ նախաքննության ընթացքում իր վստահորդի նկատմամբ բռնություն կիրառած անձանցից մեկը եղել է Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը: Նյութերի նախապատրաստման ժամանակ Հարություն Սարգսյանը բացատրություն է տվել, որ 2012թ. ապրիլի 12-ին՝ երեկոյան ուշ ժամի, ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը, ինչպես նաև դիմակավորված 7-8 անձ ձեռքերով և ռետինե մահակներով ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել, այնուհետև տեղափոխել են մեկ այլ աշխատասենյակ, որտեղ շարունակել են նույն գործողությունները։
Դրանից հետո նույն աշխատասենյակում քննիչը հարցաքննել է իրեն, որի ընթացքում աշխատասենյակ է մտել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, քննիչից թույլտվություն ստանալով, մի քանի հարցեր տվել իրեն, իսկ հարցաքննության ավարտից հետո տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ մարզային վարչության պետը, նրա տեղակալը և քաղաքացիական հագուստով 2 անձ կրկին ռետինե մահակով ծեծի են ենթարկել իրեն ու սպառնացել։ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ տեղափոխվելու գիշերն իրեն հսկիչն իջեցրել է 1-ին հարկ, որտեղ դիմակավորված 7-8 անձ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում եղած քաղաքացիական հագուստով անձանցից մեկը դարձյալ ծեծի են ենթարկել։ Չնայած ՁՊՎ աշխատակիցները ծեծին ներկա չեն գտնվել, սակայն հետ տեղափոխելիս նկատել են իր վնասվածքները։
«Այդ հաղորդման հիման վրա մեկ տարի առաջ նյութեր են նախապատրաստվել, սակայն 2012թ. հունիսի 25-ին քրեական գործի հարուցումը մերժվել է»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Հարություն Սարգսյանի փաստաբանները բողոքարկել են և Վերաքննիչ դատարանը վերացրել է նշված որոշումը՝ պարտավորեցնելով հարուցել քրեական գործ:










