Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի անվան 5-րդ մրցանակաբաշխությունը
Թուրքիայի «Շաբաթ օրվա մայրերը» նախաձեռնության անդամները, որոնք արդեն շուրջ 15 տարի ամեն շաբաթ օր հավաքվում են Ստամբուլում՝ ուշադրություն հրավիրելով իրենց ընտանիքի կորած անդամների վրա, երեկ՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը, արժանացել են Հրանտ Դինքի անվան մրցանակի, տեղեկացնում է «Հուրրիյեթը»։
Այս տարվա ժյուրին մրցանակի է արժանացրել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով սերբ ակտիվիստ Նատաշա Կադիչին, որը հայտնի է իր երկրում ռազմական հանցագործությունների վերաբերյալ վավերագրերով։
«Շաբաթ օրվա մայրերը» հարազատ դեմքեր են դարձել Իսթիքլալում, քանի որ նրանք ամեն շաբաթ առավոտյան հանդիպում են Գալաթասարայ հրապարակում՝ իրենց ընտանիքների կորած անդամների լուսանկարներով, որոնք անհետացել են անվտանգության ուժերի կողմից կալանավորվելուց հետո, կամ չբացահայտված սպանությունների զոհ են դարձել՝ հատկապես 1990-ականների մութ օրերին։
Ամեն շաբաթ երկու կամ երեք հարազատներ հաղորդագրություն կամ բանաստեղծություն են կարդում իրենց սիրելիների համար, և ակցիային մասնակցել ցանկացողներն իրենց ձեռքում պահում են կորած մարդկանց լուսանկարները։
Երեկ կայացած միջոցառման ընթացքում մրցանակը ստացել են ցուցարարներից Հանըմ Թոսունը, Իքբալ Էրենը և Էմինե Օջաքը։
Մյուս մրցանակակիր սերբ ակտիվիստն ասել է, որ հպարտ է Դինքի անվան մրցանակի արժանանալու համար։ «Առանց կարեկցանքի չի կարող խաղաղություն լինել։ Խաղաղության միակ նախապայմանը կարեկցանքն է»,-ասել է նա։
Այս տարի ժյուրին բաղկացած է եղել նախկին մրցանակակիրներից։










