Ճապոնիայի իշխանությունները թայֆունի պատճառով 500 հազար տուն տարհանելու որոշում են կայացրել
Ճապոնիայի 20 շրջանների շուրջ 500.000 տնային տնտեսությունների տարհանման մասին որոշում է կայացվել՝ երկրի ափերին մոտեցող «Մանյի» թայֆունի պատճառով, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Թայֆունն այսօր առավոտյան հասել է երկրի կենտրոնական հատվածի ափերին։ Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում կազմել է վայրկյանում 25 մետր։
Սիգա, Ֆուկուի, Կիոտո շրջաններում տագնապի բարձրագույն աստիճան է հայտարարվել։ Նման մակարդակ հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ բնական աղետը սպառնում է բնակչության կյանքին։
Իշխանությունները զգուշանում են, որ տեղումները կարող են ուժգին հեղեղումների և սողանքների պատճառ դառնալ։ Չեղյալ է համարվել մոտ 500 ներքին չվերթ, մասամբ խախտվել է նաև գնացքների երթևեկության ժամանակացույցը։
Երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում ավելի քան 80 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն երեք մարդ անհետ կորած է համարվում, 29 մարդ վնասվածք է ստացել։










