Կցանկանայի, որ Դիլիջանի կոմպոզիտորների տունը կոչվեր Էդուարդ Միրզոյանի անունով. Արա Գևորգյան
Երաժիշտ, երգահան, Արա Գևորգյանը կարծում է, որ Դիլիջանի կոմպոզիտորների տունը պետք է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անունով կոչվի, ինչին, սակայն, դեմ է Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:
«Բայց ի՞նչ կա դրա մեջ, որ կոմպոզիտորների միության նախագահը համաձայն չէ: Կարծում եմ, որ լավ կլիներ, որ այդպես լիներ, որովհետև պետք է մեծերին հարգել, եթե մեծերին չեն հարգում, իրենք էլ չեն հարգվում, և կարծում եմ, որ պետք է հարգել մեծամասնության կարծիքը»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց նա:
Երգահանի կարծիքով՝ դա բոլոր կոմպոզիտորների ցանկությունը և խնդրանքն է, բայց թե ինչ կորոշի կոմպոզիտորների միությունը, ինքը տեղյակ չէ:
Անդրադառնալով Կոմպոզիտորների միությունում սկսված խմորումներին (42 կոմպոզիտորներ դժգոհություններ ունեն և պահանջում են միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից արտահերթ համագումար հրավիրել) նա նշեց, որ եթե ներսի կոմպոզիտորները դա պնդում են, ինքն իրավունք չունի միջամտել այդ հարցին։
«Որովհետև ես այնտեղ չեմ եղել, այնտեղի անդամ չեմ, բայց ես շատ լավ գիտեմ և շատ կուզենայի, որ Դիլիջանի կոմպոզիտորների տունը կոչվեր Էդուարդ Միրզոյանի անունով, որովհետև նրա շնորհիվ է, որ այդ կոմպոզիտորների տունը ստեղծվել է Դիլիջանում: Նա է համոզել, որ այն կառուցվի Հայաստանի տարածքում, ոչ թե Ադրբեջանում կամ Վրաստանում: Նրա ստորագրությամբ է եղել, նա է բանվորների հետ քարը քարի վրա դրել: Եվ այսօր ես գիտեմ, որ բոլոր կոմպոզիտորները կողմ են, նաև արտերկրի շատ հանրաճանաչ մարդիկ, ովքեր ծանոթ են եղել նրա հետ նույնպես պնդում են, որ նրա անունով կոչվի այն»,– ասաց նա:
Ստեղծված իրավիճակի մասին Արա Գևորգյանը չցանկացավ մեկնաբանություններ անել՝ նշելով պատճառը.«Ես այդ ամեն ինչին չեմ խառնվել և չեմ խառնվում, որովհետև ժամանակին երազում էի կոմպոզիտորների միության անդամ լինել, ինձ չընդունեցին»:
Իսկ չընդունելու միակ պատճառի մասին Արա Գևորգյանը պատմեց հետևյալը. «Ունենալով բարձրագույն երաժշտական կրթություն, անցնելով 18 երաժշտական առարկա, միայն չեմ անցել կոմպոզիցիա առարկան, որը հենց կոնսերվատորիայում են դասավանդում: Ով անցնում է այդ առարկան, արդեն կոչվում է կոմպոզիտոր, իսկ այդ առարկան ես չեմ անցել, սակայն շատ տարիներ Էդուարդ Միրզոյանի, Արամ Սաթյանի, Մարտին Վարդազարյանի հետ միասին խնդրել եմ, որ այդ առարկան իրենք ինձ դասավանդեն: Նրանք ծիծաղելով, հեգնանքով ասացին՝ Արա ջան, դու այդ առարկայի դասավանդման կարիքը երբեք չես ունեցել և չունես: Սա ինձ լրիվ բավարար էր: Այդ մի առարկայի կրթությունը չեմ ստացել, բայց փաստորեն ես այդ կրթությունն ունեի: Եվ այդ մի առարկայի պատճառով ինձ չընդունեցին»:
Վերջում Արա Գևորգյանն ավելացրեց. «Ցանկանում եմ, որ տիրի համերաշխություն, և բոլորը հարգեն մեկը մյուսին»:










