Մահացել է հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

11:10 • 17.09.13

Կյանքի 88-րդ տարում մահացել է հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը, ինչը հաստատել է Երևանում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը, հայտնում է panarmenian.net-ը։

 

Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925թ., Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ Նա ավարտել է Նյու Յորքի Hunter College-ի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետ St. Johns Law School-ում սովորել իրավաբանություն՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում։

 

1952թ. նա իր կարիերան սկսել է աշխարհահռչակ West Publishing հրատարակչությունում՝ որպես իրավաբանական խմբագիր։ 44 տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ West Pubishing-ը շուկայում կայուն դիրքեր է ձեռք բերել՝ աշխատողների թիվը 2.000-ից հասցնելով 6.500-ի։

 

1996թ. նա հիմնադրել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված է հայ ժողովրդի կենսամակարդակի ու բարեկեցության բարելավմանը։ 50 մլն դոլարից ավելի գումար է ներդրվել հիմնադրամում՝ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման նպատակով։

 

Գաֆեսճյանը եղել է Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նրա հիմնադրամը զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։

 

Հայազգի բարերարը եղել է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Jamba Juice Company-ի, ինչպես նաև Իտալիայում և Հունգարիայում գինեգործական գործարանների համասեփականատեր։ Բացի այդ, նա զգալի դիրք է ունեցել Ֆլորիդայի ու Մինեսոտայի անշարժ գույքի շուկաներում։