Աճուրդի կհանվի ջութակը, որով նվագում էին «Տիտանիկի» կործանման ժամանակ

00:19 • 17.09.13

Ջութակը, որով «Տիտանիկի» կործանման օրը նվագել է հայտնի նավի նվագախմբի ղեկավար Ուոլլես Հարթլին, հոկտեմբերի 19-ին Henry Aldridge & Son-ի կողմից դուրս կբերվի աճուրդի, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:


Գործիքը շուտով հանրության ուշադրությանը կներկայացվի հյուսիսիռլանդական «Տիտանիկ Բելֆաստ» թանգարանում, որը նվիրված է Harland & Wolff նավաշինարանի և «Տիտանիկ» նավի հիշատակին: Ցուցահանդեսը իր աշխատանքները կսկսի սեպտեմբերի 18-ին և կավարտի հոկտեմբերի 13-ին: Դրանից հետո ջութակը կհանձնվի աճուրդային տանը, որը մասնագիտացած է «Տիտանիկից» գտնված ապրանքների վաճառքով:


Ջութակը գտել են աղետից գրեթե անմիջապես հետո: Փրկարարները հայտնաբերել են Հարթլիի դիակը 10 օր հետո: Նրա մարմնին ամրացված էր ջութակը, որի ետևի մասում գրված էր, որ այն նա նվեր է ստացել իր հարսնացուից: