Շվարցենեգերը կարող է նկարահանվել «Ավատար 2» ֆիլմում
Ջեյմս Քեմերոնի «Ավատար 2» ֆիլմի թողարկումը նախատեսված է միայն 2016-ին, սակայն նախագծի շուրջ շատ լուրեր են պտտվում, գրում է filmpro.ru-ն։
Օրինակ՝ չարագործ գեներալի դերը նոր ֆիլմում, ըստ լուրերի, կկատարի Առնոլդ Շվարցենեգերը։ Ջեյմս Քեմերոնը 3 անգամ աշխատել է Շվարցենեգերի հետ՝ «Տերմինատոր», «Տերմինատոր 2» և «Ճշմարիտ սուտ» ֆիլմերում։
Առաջին «Ավատար» ֆիլմում չարագործի կերպարում հանդես է եկել Սթիվեն Լենգը. նա կատարել է գնդապետ Մայլզ Կուորիթչի դերը, որը ցանկանում է Պանդորա մոլորակից վտարել բնակիչներին։
Քեմերոնը պլանավորում է «Ավատար» ֆիլմի ևս 3 մաս նկարահանել, ընդ որում՝ «Ավատար 4»-ը նախատեսված է որպես առաջին ֆիլմի նախապատմություն։ Ֆիլմերը վարձույթում կհայտնվեն 2016-2018թթ. ընթացքում։










